09/02/2016 20:00
Ներկա ու նախկին ԲՀԿ-ականները համաձայնության չեն գալիս
Փետրվարի 12-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի օմբուդսմենի 3 թեկնածուի դիմումները: Առաջադրված թեկնածուներ են ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՕԵԿ խմբակցության և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից առաջադրված ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Երրորդ թեկածուի առաջադրման վերաբերյալ դեռ նախորդ շաբաթ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կառաջադրի մեծ պոտենցիալ ունեցող, մասնագիտությամբ իրավաբան Մակար Եղիազարյանի թեկնածությունը, սակայն այդ խմբակցության անունից առայժմ չկա որևէ առաջադրված թեկնածու: Փոխարենը, սակայն, մեկ այլ իրավաբանի՝ Նարեկ Ալոյանի թեկնածությունն է առաջադրել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Այս փաստը դուր չի եկել ԲՀԿ-ականներին:
Դեռ նախորդ շաբաթ ԲՀԿ խմբակցության ղեկավար կազմը հավաստիացնում էր, որ քննարկումների արդյունքում Տիգրան Ուրիխանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ խմբակցությունը կպաշտպանիիրենց կողմից առաջադրված թեկնածուի շահերը, իսկ այսօր այդ պայմանավորվածությունը, կարծես թե, չկա: Փաստորեն, Տիգրանն Ուրիխանյանն անտեսել է նախօրոք ձեռքբերված պայմանավորվածությունը:
Քիչ առաջ «Ալյանս» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որտեղ հերքեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը՝ նշելով, թե այդ ուղղությամբ ԲՀԿ խմբակցության հետ չի եղել որևէ պայմանավորվածություն: Ավելին՝ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ինքն անձամբ հերքեց այդ պայմանավորվածությունների վերաբերյալ տարածված տեղեկությունները: «Պայմանավորվածություն, որ Տիգրան Ուրիխանյանը պետք է Մակար Եղիազարյանի թեկնածությունը առաջադրեր, չի եղել: Քննարկումների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ են եղել, որն այս պահին էական չէ»,- հակադարձեց պատգամավորը ու ասաց, որ ինքը ներկայացրել է իրավաբան Նարեկ Ալոյանի թեկնածությունը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության խոսնակ Վահան Բաբայանն էլ իր հերթին նշեց, որ ինքը թեև ներկա չի գտնվել Տիգրան Ուրիխանյանի հետ քննարկումներին, սակայն տեղյակ է, որ ինչ-որ պայմանավորածություններ ձեռք են բերվել:
«Տիգրան Ուրիխանյանի հետ ես չեմ եղել պայմանավորվողը, բայց այո, Տիգրան Ուրիխանյանը մասնակցել է խմբակցության քննարկումներին: Ընդհանուր առմամբ՝ պայմանավորվածություն է եղել այդ հարցը քննարկել, նոր որոշում կայացնել, սակայն միայն վերջին օրն է հայտնի դարձել, որ նա հրաժարվում է պաշտպանել Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Տեղյակ չեմ խոսակցությունների մանրամասներին, բայց տեղյակ եմ, որ եղել է որոշակի պայմանավորվածություն: Պաշտոնապես կարող եմ ասել միայն այն, որ ունենք այն, ինչ արդեն ունենք: Հիմա ով է ստում կամ ով, ում և ինչ է խոստացել, ես ոչինչ այս պահին մեկնաբանել չեմ կարող»,- ասաց Վ. Բաբայանը:
Օմբուդսմենի ցանկալի թեկնածուն ԲՀԿ-ի համար այս պահին էլ շարունակում է մնալ քաղխորհրդի անդամ Մակար Եղիազարյանը: Վ. Բաբայանը տեղեկացրեց, որ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն արդեն գրություն է ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ օրենքով սահմանված կարգով, հնարավորության դեպքում քննարկել նաև ԲՀԿ-ի ներկայացրած թեկնածուի առաջադրումը: Ու թեև տեխնիկապես այլևս ժամանակ չկա՝ պետաիրավական հանձնաժողովում նոր անդամ ներկայացնելու համար, սակայն ԲՀԿ-ն ամեն դեպքում հույս ունի:
«Նաիրա Զոհրաբյանն արդեն դիմել է համապատասխան հանձնաժողովին, որտեղ նշել է, որ ԲՀԿ խմբակցության թեկնածուն շարունակում է պաշտպանել Մակար Եղիազարյանի թեկնածությունը, քանի որ Նարեկ Ալոյանը ԲՀԿ խմբակցության և կուսակցության հետ որևէ առնչությունը չի ունեցել և չունի»,- հավելեց Վ. Բաբայանը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Նաիրա Զոհրաբյանի գրությունը շատ ուշ է տեղ հասել և հնարավոր չէ ինչ-որ բան շտկել:
«Պետք է խմբակցության նիստ անեն, դիմեն ԱԺ նախագահին, որն էլ խմբակցության համապատասխան անդամին ուղղորդի մեր հանձնաժողով»,- ասաց նա: