10/02/2016 17:07
Վերաքննիչը խստացրեց զինծառայողներին սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրողի պատիժը
Վերաքննիչ դատարանն այսօր խստացրեց զինծառայողներին սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելու, զինծառայողին վիրավորանք հասցնելու, զինվորների միջև տեղի ունեցած միջադեպը թաքցնելու համար դատապարտված կապիտան Բաբկեն Ղարդյանի պատժաչափը: Գործով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելով՝ դատարանը նրան դատապարտեց 8 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Բաբկեն Ղարդյանն ընդունել էր իր մեղքը և դատապարտվել 5 տարվա ազատազրկման:
Մատաղիսի Ռազմական ոստիկանության հենակետի պետը օրերս նաև նամակ էր տարածել, որտեղ հայտարարել է, թե իր մեղքը ստիպված է եղել ընդունել սպառնալիքների և ճնշումների ներքո և պահանջել էր արագացված դատավարություն:
Քննություն իրականացնող մարմինն էլ մեղադրանքի հիմքում դրել է երեք զինվորների նույնաբովանդակ ցուցմունքները:
Ամբաստանյալի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր որդին իսկապես մեղքն ընդունել է հարկադրված, քանի որ տարաձայնություններ է ունեցել զորամասում: Հոր հավաստմամբ՝ Բաբկենը բացահայտել է Մատաղիսում ռազմական ոստիկանության հենակետ կառուցելու համար հատկացված գումարները մսխելու փաստը, հետևաբար արժանացել է նման պատժի:
«Նախարարը գնացել, տեսել է, ասել է, ինչո՞ւ է այսքան երկար ձգձգվում, տղաս ասել է, որ գումար չկա, ասել է, ոնց գումար չկա, 18 մլն ես գումար եմ հատկացրել, որպեսզի շինարարությունը արագ լինի, տղես էլ ասել է այդքան գումար չկա, ընդամենը 6 մլն գումար է, նախարարը զայրացել, չգիտեմ՝ ում ինչ է ասել, հիմա էլ փորձում են վրեժ լուծել տղայիցս»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Բաբկենի հարազատները մտադիր են մինչև վերջ պայքարել, կդիմեն ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: