10/02/2016 11:00
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu»-ն՝ տեղեկացնելով, որ դեսպանը պետք է բացատրություններ տա ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարության վերաբերյալ:
Բանն այն է, որ Ջոն Քիրբին Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցության վերաբերյալ հայտարարել է, թե այն ահաբեկչական խմբավորում չէ, միաժամանակ նշելով, որ Թուրքիան դաշնակից ու բարեկամական երկիր է:
Գործակալության դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ դեսպանին անհանգստություն են հայտնել քրդական կուսակցության մասին Պետդեպի հայտարարությունների առնչությամբ:
Հիշեցնենք նաև, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս հայտարարության կապակցությամբ ԱՄՆ-ին կոչ էր արել ընտրություն կատարել Թուրքիայի և «ահաբեկչական խմբավորումների» միջև։