10/02/2016 13:00
Ա. Մարտիրոսյան. «Ժառանգությունից» արտահոսք չկա
««Ժառանգությունից» արտահոսք չկա, ընդամենը այդ մի քանի հոգին են հեռացել… չեմ կարծում, թե դա այն թեման է, որ մեկնաբանության կարիք ունի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հեռացած նախկին կուսակիցներին ամենայն հաջողություն մաղթելով:
Նշենք, որ համաձայն մամուլի՝ «Ժառանգություն» կուսակցության Վայոց Ձորի համակարգող Նարինե Հարությունյանը, կուսակցականներ Արևիկ Սարգսյանը, Էմիլ Միքայելյանը, Մխիթար Սարգսյանը, Արևիկ Աբրահամյանը դուրս են եկել «Ժառանգությունից»՝ «Հայկական վերածնունդին» միանալու համար:
Արմեն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ այդ լուրի տակ որևէ լուրջ բան չկա, այն ուղղակի անհրաժեշտ էր ինչ-որ սենսացիա սարքելու համար:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է «Ժառանգությունը» Վանաձորի կենտրոնական հրապարակը շուրջ երեք շաբաթով զբաղեցրել, սակայն տարածքը այդպես էլ չօգտագործեց քաղաքական միջոցառումների համար, մեր զրուցակիցը նշեց.
«Իրազեկումն արել էինք այս օրերի համար, որպեսզի եթե անհրաժեշտ լինի, կարողանայինք օգտագործել այդ տարածքը: Բայց այլևս նպատակահարմար չէ»,- ասաց նա, իսկ ճշտող հարցին, թե ինչու այլևս նպատակահարմար չէ, գուցե պայքարն արդյունք չի տալիս, Ա. Մարտիրոսյանն արձագանքեց.
«Ոչ: Պարզապես իրազեկել էինք, որ եթե Վանաձորում և այլ տեղերում անհրաժեշտություն լիներ միջոցառում անցկացնելու, կարողանայինք անցկացնել: Բայց քանի որ միջոցառում չենք նախատեսել այս պահին, դրա համար էլ չենք օգտագործում»:
Նա տեղեկացրեց նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է: