10/02/2016 11:22
Ոչ մի անակնկալ. Արփինե Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
Երեկվանից լրատվամիջոցները ողողված են այն տեղեկություններով, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները ավարտվել են և որոշումներ են կայացվել:
Aysor.am-ը ավելի վաղ գրել էր, թե որ պաշտոնները կստանձնեն դաշնակցականները և ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ բացառությամբ միայն մեկ ավելացման որևէ բան նախկին պայմանավորվածություններում չի փոխվել: Մասնավորապես, Տարածքային կառավարման նախարարությունն առանձնանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից ու տրվում ՀՅԴ-ին, դաշնակցականներին կտրվի նաև Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը՝ Արծվիկ Մինասյանին:
Ես մեկ նախարարական պորտֆել էլ կհասնի ՀՅԴ-ին, թեև սա անակնկալ է հանդիսացել բոլորի համար. Իր պաշտոնին հրաժեշտ կտա Արմեն Աշոտյանը և դեռ պարզ չի, թե որտեղ նա կշարունակի քաղաքական իր կարիերան: Այսպիսով, Կրթության և գիտության նախարարության նոր շենքի նոր աշխատասենյակը կզբաղեցնի բոլորովին այլ պաշտոնյա:
Միայն մեկ հարցում են ԶԼՄ-ները սխալվել՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը իր պաշտոնին հրաժեշտ չի տա: Գուցե այս նորությունը նույնքան անակնկալ է բոլոր նրանց համար, ովքեր սպասում էին նման զարգացման, բայց Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ա. Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա այստեղ ևս ամենը, ինչպես և տեղեկացրել էինք ավելի վաղ՝ ՀՅԴ-ին կանցնեն Շիրակն ու Արագածոտնը: Այսպիսով Դաշնակցությունն ուզում է տիրանալ Հայաստանի ընդդիմադիր ընտրազանգվածին: Այդ նպատակով նրանք բանակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը ստանալու համար, սակայն ՀՀԿ-ն հրաժարվել է այդ մարզն էլ տալ: Երեք նախարարական պորտֆելն էլ քիչ չէ: