10/02/2016 09:37
Հայկական շուկայում նկատվում է դոլարի դեֆիցիտ
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ երեկ կեսօրից հետո միջազգային շուկայում հզոր ցնցումներ արձանագրվեցին, որոնք անմիջապես արտացոլվեցին Հայաստանի ֆինանսական շուկայում: ՀՀ կենտրոնական բանկը երեկ ավելի քան 15 միլիոն դոլար է նետել շուկա՝ ցնցումները հարթելու նպատակով:
«Կեսօրից հետո հրապարակվեց համաշխարհային էներգետիկ գործակալության զեկույցը, որ միջազգային շուկայում կա նավթի զգալի ավելցուկ և այն շարունակում է մեծանալ: Դրանից հետո նավթի գները կտրուկ անկում ապրեցին և մեկ-երկու ժամվա ընթացքում մեկ բարելի գինը 34 դոլարից հասավ 30 դոլարի: Դրան անմիջապես արձագանքեց ռուսական ռուբլին, որը կտրուկ արժեզրկվեց: Մեկ դոլարի գինը Մոսկվայի բորսայում հասավ 80 ռուբլու այն դեպքում, երբ նախօրեին 77 ռուբլի էլ չէր կազմում: Հենց ռուբլու արժեզրկումն է պատճառ հանդիսացել, որ դրամի վրա ուժեղանա ճնշումը, և ԿԲ-ն ստիպված է չեզոքացնել այդ ալիքը: Սակայն սա ընդամենը առիթ է:
Դատելով ԿԲ-ի հրապարակած ցուցանիշներից և բանկերից ստացված տեղեկություններից, վերջին օրերին մեր շուկայում նկատվում է դոլարի դեֆիցիտ: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ դեֆիցիտը մեծ չէ, և ԿԲ-ի իրականացրած ինտերվենցիան թերևս կբավարարի, որ առաջիկա օրերին դրամը չարժեզրկվի: Բայց շատ բան կախված է նաև միջազգային շուկաներում արձանագրվող վայրիվերումներից»,- գրել է թերթը: