10/02/2016 15:29
Փոստանջյանը ձգտում է ստանձնել չկայացած ինստիտուտի ղեկավարի պաշտոնը
ՄԻՊ պաշտոնում առաջադրված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ քայլին է գնացել երկու պարզ պատճառով:
«Նախ այն, որ իմ մասնագիտական կարողությունները, կյանքի անցած ճանապարհը և փորձը ինձ թույլ են տալիս զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ, իսկ երկրորդ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր կարող էին այս պաշտոնին հավակնել և իսկապես հզոր ուժ էին այդ պաշտոնի համար, ցավոք, նրանք չցանկացան մասնակցել այս պայքարին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ բազմաթիվ անուններ կարող է նշել, սակայն չի ցանկանում:
«Դրանք իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ են, նաև փաստաբաններ, ովքեր իսկապես պաշտպանել են ՀՀ քաղաքացիների իրավունքները»,- ասաց նա:
Անդրադառնալով իր հայացքների շուրջ ընթացող խոսակցություններին՝ պատգամավորն ընդգծեց, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե ընդդիմադիր հայացնքերի, այլ՝ մարդու իրավունքների պաշտպանության մասին, որը խախտել է պետական պաշտոնակատար անձը: «Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագայում տեղի չունենան այդպիսի խախտումներ, իսկ ընդհանրապես՝ ՄԻՊ-ը պետք է լինի անաչառ՝ կապ չունի, թե նա ինչ քաղաքական հայացքների տեր մարդ է: Բոլորի նկատմամբ, այդ թվում իշխանությունների, պետք է ՄԻՊ-ը ցուցաբերի հավասար մոտեցում»,- հավելեց նա:
Հարցին՝ արդյոք Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը կայացած է, պատգամավորը նշեց, որ ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, այնպես էլ Հայաստանում, ցանկացած ինստիտուտ, այդ թվում՝ ՄԻՊ կառույցը, կայանալու ընթացք պետք է ապրի: «Մենք հասկանում ենք, որ ապրում ենք ավտորիտար ռեժիմի ներքո, հետևաբար ասել՝ ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում կայացած է, դա այդպես չէ»,- ասաց նա:
Թե ո՞րն է լինելու նրա հաղթաթուղթը, որով նա պատրաստվում է դիմադրել ճնշումերին, Զ. Փոստանջյանը նշեց, որ ինչպես ցանկացած երկրում, Հայաստանում ևս լինում են ճնշումներ, սակայն այդ ճնշումներից ՄԻՊ-ը չպետք է կաշկանդվի. «Հակառակը՝ պետք է իր պայքարը շարունակի և առաքելությունն իրականացնի ավելի համառ կերպով»:
Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունի Փոստանջյանը մյուս քաղաքական ուժերի կողմից, նա խորհուրդ տվեց սպասել ուրբաթ օրվան, որից հետո պարզ ու հասկանալի կլինի, թե քաղաքական ուժերն ինչ դիրքորոշում ունեն: «Այս պահին նրանց դիրքորոշումների վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող»,-հավելեց նա: