10/02/2016 14:06
Պատգամավոր. Հայաստանի բնակչության մեծ մասն ընդդիմադիր է ամեն ինչին, նաև՝ ընդդիմությանը
Ոչ միայն ՀՅԴ-ն, այլև կուսակցություններից շատերի վարկանիշն այսօր բավականին ցածր է: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Կասկածում եմ, որ մի կուսակցություն 12 տոկոս ձայն վերցնի՝ թեկուզ իր ամբողջ ռեսուրսն օգտագործելով: Հայաստանի բնակչության մեծ մասն այսօր ընդդիմադիր է ամեն ինչին, ընդդիմադիր է նաև ընդդիմությանը: Չկա հավատ իշխանության հանդեպ, չկա նաև՝ ընդդիմության հանդեպ»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ՄԻՊ պաշտոնում առաջադրված երեք թեկնածուներին՝ Թ. Պողոսյանը նշեց, որ չի ուզում դեպքերից առաջ ընկնել և կանխատեսումներ անել, սակայն տեղեկացրեց, որ ինքն անձամբ ունի նախընտրած թեկնածու, որն իրականում չի առաջադրվել:
«Շատ կցանկանայի, որ այդ պաշտոնում «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը լիներ: Կարծում եմ՝ ինքը կկարողանար ճիշտ ուղղությամբ տանել ՄԻՊ գրասենյակի աշխատանքը»,-ասաց նա: