10/02/2016 13:37
Թ. Պողոսյան. Իշխանությունը պատասխանատվության լղոզման ճանապարհով է գնում
Երկրում կարելի է լուրջ փոփոխությունների հասնել միայն համակարգային փոփոխություններ իրականացնելու դեպքում: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Եթե չունենանք համակարգային փոփոխություններ, դժվար է լինելու ինչ-որ ոլորտում առաջընթաց ապահովել: Իշխանությունները պատասխանատվության լղոզման ճանապարհով են գնում, որ ասեն, թե ամեն ինչի պատասխանատուն, մեղավորը միայն իրենք չեն: Գուցե այսօր ընթացող գործընթացները դրական նպաստեն նաև կոալիցիոն կառավարման մոդելի անցմանը, սակայն սահմանադրական բարեփոխումները կարևոր խնդիր ունեն»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով՝ կոալիցիաները պետք է ձևավորվեն ոչ թե ինքնանպատակ, այլ՝ իրական պատասխանատվություն կրելու հիման վրա, իսկ Դաշնակցությունը դասեր է քաղել իր քաղաքական անցյալից և շատ լավ պատկերացնում է, թե նախկինում որն է եղել խնդիրը։
Թևան Պողոսյանը թեև դեռ չի մտածել, թե 2017 թվականի ընտրություններին ինչ ձևաչափով կմասնակցի կամ կմասնակցի առհասարակ, թե՝ ոչ, բայց նշեց՝ իրնքն անդավաճան է իր սկզբունքներին:
«Դեռ ժամանակ կա այդ հարցի շուրջ մտածելու և հասկանալու, բայց ես միշտ վերադառնալու տեղ ունեմ: Ես չեմ մտածում, որ եթե ես այսօր այստեղ եմ, ապա չեմ կարող լինել ուրիշ տեղ: Ես նման խնդիր չունեմ և իմ տեղում եմ: Ես այստեղից այնտեղ թռնելու սովորություն չունեմ»,-ասաց նա: