10/02/2016 15:40
Խ. Հարությունյան. Աշոտյանի հրաժարականը քաղաքական կարիերայի վրա որևէ կերպ չի անդրադառնալու
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում որոշումներ կայացնելու առումով խնդիր չունի:
«ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հանրության առջև սահմանադրական բարեփոխումների համար պատասխանատվություն են կրում»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, չի բացառվում, որ կոալիցիան ձևավորվի:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն այսօր այն հիմնական քաղաքական ուժն է, որն աջակցեց սահմանադրական բարեփոխումներին, հետևաբար իշխանություններն այսօր այդ ուժի հետ են համագործակցության եզրեր գտնում:
«Շատերը կոալիցիայի ձևավորումը մեկնաբանում են որպես պորտֆել ձեռք գցելու հնարավորություն, սակայն կառավարությունում պաշտոն ունենալ՝ նշանակում է ստանձնել պատասխանատվություն»,-ընդգծեց Հանրապետական խմբակցության պատգամավորը:
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի մասին, վերջինս, սակայն, հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով, որ Արմեն Աշոտյանի հրաժարականը նրա քաղաքական կարիերայի վրա որևէ կերպ չի անդրադառնալու:
«Նա ինչպես աշխատել է, այնպես էլ կշարունակի աշխատել ՀՀԿ-ում և մնալ ամենաազդեցիկ դեմքերից մեկը կուսակցությունում: Նա մեծ հեռանկար ունեցող երիտասարդ կադրերից մեկն է, ով իր պաշտոնավարման ամբողջ շրջանում կրթության ոլորտում բավականին շատ արմատական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ է իրականացրել: Լավ կլինի, որ նրան փոխարինողը շարունակի այդ աշխատանքը»,- ասաց նա: