10/02/2016 15:54
Անհայտ գնորդն այդպես էլ չբացահայտվեց. Համալիրի հարցը՝ նորից օրակարգում
Կառավարությունը չեղյալ կճանաչի ՀՀ կառավարության 2015 թ. օգոստոսի 13-ի «ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 935-Ա որոշումը: Նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Համաձայն դրա, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է լուծի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
Հիմնավորման մեջ բերված է նաև պատճառը, այն է՝ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:
Նշենք, որ այս գործարքը բավականին աղմկահարույց էր, բազմաթիվ պաշտոնյաների անուններ էին կապվում գործարքի հետ: