10/02/2016 18:52
ՄԻՊ պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հրավիրել էր արտահերթ նիստ` հաստատելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումների ներկայացումը և քննարկելու «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը քննարկելու հատուկ ընթացակարգի մասին» հանձնաժողովի որոշումը:
Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը ստացել է 4 դիմում. ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Մարգարյանը առաջադրել են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, Տիգրան Ուրիխանյանն առաջադրել է Նարեկ Ալոյանի թեկնածությունը, պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Ռոբերտ Սարգսյանը, Հրանտ Գրիգորյանը, Լևոն Մարտիրոսյանը և Վահրամ Մկրտչյանն առաջադրել են Արման Թաթոյանի թեկնածությունը, իսկ Նաիրա Զոհրաբյանն առաջադրել է Մակար Եղիազարյանի թեկնածությունը, որը, սակայն, չի հաստատվել` իրավական հիմքի բացակայության պատճառով:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ ի դեմս Տիգրան Ուրիխանյանի` ԲՀԿ խմբակցության կողմից մեկ թեկնածուի դիմում արդեն ներկայացվել էր, հետևաբար Նաիրա Զոհրաբյանն այլևս չէր կարող թեկնածու առաջադրել:
Հանձնաժողովը հաստատել է թեկնածուների առաջադրումը:
Քննարկելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը քննարկելու հատուկ ընթացակարգը` հանձնաժողովը որոշել է յուրաքանչյուր թեկնածու առաջադրած պատգամավորին (պատգամավորներից մեկին) իր (իրենց) իսկ առաջադրած թեկնածուին ներկայացնելու համար տրամադրել 20 րոպե, իսկ հարցուպատասխանի համար` 5 րոպե:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 12-ին հրավիրված նիստում հանձնաժողովի անդամներն ընտրություն կկատարեն դիմումներ ներկայացրած Մարդու իրավունքերի պաշտպանի թեկնածուների միջև: