10/02/2016 19:19
ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի չեղարկման առաջարկը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի Պետական դումայի պատգամավորների ներկայացրած առաջարկը` չեղարկել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն ստացվել է Պետդումայի մի խումբ պատգամավորների առաջարկը` կասեցնել պայմանագիրը: Այս պահին առաջարկը պետք է ուսումնասիրվի: Ամեն ինչ կարվի սահմանված կարգով: Առայժմ, պետք է ուսումնասիրվի նախաձեռնությունը»,- Զախարովայի խոսքերն է մեջբերում ռուսական ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ու արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին նամակ են հղել, որով առաջարկել են չեղարկել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Պատգամավորներն իրենց քայլը հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։ Նրանք գտնում են, որ ժամանակն է Թուրքիային պատժել:
«Այժմ` թուրքական ագրեսիայի աճի պայմաններում, մենք պետք է իրավական մեխանիզմներ մշակենք` մեր երկրի և դաշնակիցների համար ոչ շահավետ ռուս-թուրքական համաձայնագրերի վերանայման նպատակով: Անկարան պետք է հասկանա, թե իր համար ինչ կարժենա հակամարտության սրումը: Միայն դա կարող է նրան հետ պահել նոր պրովոկացիաներից»,- հայտարարել էր Սերգեյ Օբուխովը:
Նշվում է, որ ժամանակին Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչել պայմանագրի պայմանները: «Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ»:
Այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում: Պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով` այդ պայմանագիրն ստորագրվել է հակասելով Ռուսաստանի շահերին: