10/02/2016 18:13
Փաստաբանին Facebook-յան գրառման համար տույժի ենթարկելը խոսքի ազատության ոտնահարում չէ. Մարտուն Փանոսյան
Փաստաբանների պալատի խորհուրդը տույժի էր ենթարկել փաստաբան Երվանդ Վարոսյանին՝ Facebook-յան գրառման համար։ Ի՞նչ է սա՝ խոսքի ազատության ոտնահարո՞ւմ և թե գործընկերոջը զսպելու միջոց: Պարզաբանումներ ստանալու նպատակով Aysor.am-ը դիմեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանին:
- Պարոն Փանոսյան, վերջերս փաստաբանների պալատի խորհուրդը տույժի էր ենթարկել փաստաբան Երվանդ Վարոսյանին՝ Facebook-յան գրառման համար։ Արդյոք դրանով խոսքի ազատությանը չի միջամտո՞ւմ պալատի խորհուրդը։
- Միանշանակ ոչ։ Փաստաբանների պալատի խորհուրդը գտել է, որ փաստաբան և խորհրդի անդամ Երվանդ Վարոսյանը չի կարող իրեն թույլ տալ հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ կատարել, այդ թվում նշել` «քեզնից հղիներով հավաքվում ու նյութի տակ լայքադրսևորվում են»։ Եթե խորհրդի անդամը, ով կոչված է փաստաբանի վարքագիծը քննել, իրեն թույլ է տալիս նման արտահայտություններ, ապա ի՞նչ պետք է ակնկալել փաստաբաններից։
- Բայց արդյոք դա Երվանդ Վարոսյանի անձնական հարցը չէ՞։
- Կրկնում եմ, Երվանդ Վարոսյանը խորհրդի անդամ է։ Նա պարտավոր է զսպվածություն դրսևորել։ Նա չպետք է չարաշահի խոսքի ազատությունը։ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով՝ բոլոր փաստաբանների համար լրացուցիչ խաղի կանոններ են սահմանված։ Երվանդ Վարոսյանը չի կարող կանոնագրքից վեր կանգնել։ Խորհուրդը հաստատված է համարել, որ Երվանդ Վարոսյանի գրառումները առնչվել են նրա մասնագիտական գործունեությանը։
- Իսկ նախկինում եղե՞լ են դեպքեր, որ փաստաբանը պատժվի վիրավորական խոսքի համար։
-Այո, օրինակ՝ փաստաբանը պատասխանատվության է ենթարկվել «...հոգնել եմ Ձեր մուտիլովկաներից...» արտահայտության համար։ Այստեղ կարևոր է նկատի ունենալ, որ այդ գործով խորհրդի կազմում, որպես խորհրդի անդամ մասնակցել և որոշում է կայացրել նաև Երվանդ Վարոսյանը։
- Ի վերջո, ո՞րն է Խորհրդի քաղաքականությունը։
- Խորհրդի քաղաքականությունը կարգապահական գործով մեկն է՝ վարքագծի կանոնագիրքը կիրառելի դարձնել բոլոր փաստաբանների համար։ Վերջին շրջանում, որոշ փաստաբաններ շփոթում են ոչ կոռեկտ պահվածքը ազատ խոսքի և համարձակության հետ։ Համարձակ փաստաբանը, առնվազն իմ գիտակցմամբ՝ այն փաստաբանը չէ, ով հայհոյում է համարձակորեն, այլ այն փաստաբանը, ով համարձակորեն ներկայացնում է իր փաստարկները կամ իր դիրքորոշումը՝ կոռեկտության սահմաններում։ Նախկին խորհրդային ժամանակներն ու մտածողությունն անցել են։
Հիշեցնենք, որ փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Երվանդ Վարոսյանն իր Facebook-յան էջում գրել էր, որ իր ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ՀՀ Փաստաբանական պալատի խորհրդի որոշումը վերացնելու պահանջով հայց է ներկայացրել։ Տարեվերջին Փաստաբանների պալատի խորհուրդը նրան կարգապահական պատասխանատվության է ենթարկել Facebook-յան գրառման համար: Նա նաև հավելել էր, որ թե' Գ. Գյոզալյանը, թե' մի շարք այլ փաստաբաններ, ովքեր համարում են, որ խնդիրը չի վերաբերում առանձին փաստաբանի, այլ խոսքի ազատությունը ապօրինի ու կամայական սահմանափակելու, գրաքննություն սահմանելու փորձ է, և իրենք վճռական են այս հարցը բարձրացնելու հնարավոր բոլոր ատյաններում: