10/02/2016 11:59
Օտարերկրյա կապիտալի հետաքրքրություններն ակտիվանում են
Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ ներդրումային հետաքրքրությունները գնալով ակտիվանում են։ Առաջիկայում այստեղ ակնկալվող միայն երկու ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 435 մլն դոլարի ներդրումները։ Խոսքը՝ երկու ջերմային նոր կայանների մասին է, որոնցից մեկը նախատեսվում է կառուցել Երևանում, մյուսը՝ Վանաձորում։
Դեռևս անցած տարվա վերջին կառավարությունը հավանություն տվեց «Երևան ՋԷԿ»-ի տարածքում նոր ջերմային կայան կառուցելու նպատակով իտալական «Ռենկո» ընկերության հետ փոխըմբռման հուշագիր ստորագրելու վերաբերյալ փաստաթղթին։
Համանման մեկ այլ նախաձեռնություն գործադիրը հաստատեց ընդամենը մեկուկես-երկու ամիս հետո։ Դրանով նախատեսվում է Վանաձորի հարակից տարածքում կառուցել համակցված ցիկլով աշխատող ևս մեկ շոգեգազային կայան՝ 234 մեգավատ հզորությամբ։ Կայանի կառուցմամբ շահագրգռված է բրիտանական «Գրեյնջ Փաուեր» ընկերությունը։
Իր այդ մտադրության մասին վերջինս հայտնեց անցած տարվա նոյեմբերին՝ վարչապետ Հ.Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Ուսումնասիրելով Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող քաղաքականությունը, բրիտանական ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ ձևավորված դաշտն ունի «ներդրումային գրավիչ հնարավորություններ», ուստի իրենք շահագրգռված են ներդրումներ իրականացնել մասնավորապես ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և «Գրեյնջ հոլդինգի» ղեկավարության հանդիպումից կարճ ժամանակ անց Վանաձորում ջերմային կայանի կառուցման ծրագիրը տեղափոխվեց գործնական փուլ։
Ծրագրի շրջանակներում ակնկալվում է իրականացնել 220 մլն դոլարի ներդրումներ։ Եվս 215 միլիոն է նախատեսվում ներդնել «Երևան ՋԷԿ»-ի հարակից հատվածում կառուցվող նոր ջերմային կայանում, որը մտադիր է իրականացնել «Ռենկո» ընկերությունը։
Թե՜ մեկը, և թե՜ մյուսը լինելու են զուտ ներդրումային ծրագրեր և դրանց Հայաստանը ֆինանսական մասնակցություն չի ունենալու։ Այսինքն՝ այն որևէ կերպ չի առնչվելու երկրի պարտքային պարտավորություններին։
Էներգետիկ համակարգի նկատմամբ օտարերկրյա կապիտալի նկատվող հետաքրքրություններն անշուշտ պատահական չեն, եթե հաշվի առնենք վերջին շրջանում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներն և այդ ուղղությամբ Հայաստանի ներկայացրած հավակնությունները։
Արդեն մեկնարկել կամ մեկնարկման փուլում են Իրան-Հայաստան-Վրաստան էներգահամակարգերի համադրման և թողունակության ավելացման աշխատանքները։ Այդ համագործակցության շրջանակներում Հայաստանը ակնկալում է դառնալ էներգետիկ հոսքերի սպասարկման տարանցիկ միջանցք, ինչը պայմաններ կստեղծի մի կողմից դուրս գալ Իրան-Իրաքի, մյուս կողմից՝ ԱՊՀ և Եվրամիության երկրների շուկաներ։ Կասկած չկա, որ դա լավ հնարավորություն է առկա հզորություններն այդ շուկաներում իրացնելու համար։