11/02/2016 18:13
Եթե բանան ներկրող մյուս ընկերությունները խնդիր կունենան, թող դիմեն մեզ. Արտակ Շաբոյան
Հայաստանյան բանանի շուկայում մենաշնորհ չկա: Լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Բանանի շուկան Տնտեսական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է: Մենք մի քանի անգամ իրականացրել ենք ուսումնասիրություններ, որոնք այսօր էլ շարունակվում են, և համոզված ենք, որ մուտքի խոչընդոտներ այդ շուկայում չկան»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է բանանը հայկական շուկայում մի քանի անգամ ավելի թանկ, քան, օրինակ, ռուսական շուկայում, Ա. Շաբոյանը վստահեցրեց, որ մրցակության համար ևս չկան սահմանափակումներ:
«Եթե կլինեն տնտեսվարողներ, ովքեր կարող են Հայաստան ավելի էժան բանան ներկրել այլ երկրներից, ապա կարող են հանգիստ անել: Բոլոր տնտեսվարողների նպատակը շահույթի մաքսիմալացումն է»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը՝ ամբողջ շուկան գրավել են ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանն ու իր կինը, ՏՄՊՊՀ նախագահը հակադարձեց. «Մեզ չի հետաքրքրում ընկերությունների սեփականատերերի ինքնությունն ու նրանց կարգավիճակը: Ես չեմ կարող ասել, թե որ ընկերության սեփականատերն ով է կամ որ պաշտոնյայի ազգականը: Մենք գործ ունենք միայն ընկերությունների հետ, իսկ կարևորն այն է, որ Հայաստան մեծ ծավալներով բանանի ներկրում իրականյացնում է «Քեթրին Գրուպ» ընկերությունը: Իսկ եթե կլինեն տնտեսվարողներ, ովքեր կարող են ավելի էժան բանան ներկրել այլ երկրներից, ապա ես վստահեցնում եմ, որ դա կարող են: Իսկ եթե խնդիրների կհանդիպեն, ապա թող դիմեն մեզ»: