11/02/2016 12:49
Բակո Սահակյան. 2015 թվականին դատախազության գործունեությունը բավարար է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ դատախազության 2015 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, կառույցի պատասխանատու ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարը 2015 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:
Նախագահի բնութագրմամբ՝ ողջ իրավապահ համակարգի համագործակցության արդյունքում հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվել է քրտնաջան և մեծ համատեղ աշխատանք, ինչի շնորհիվ մեր հանրապետությունում ապահովվել է հասարակական անվտանգության բարձր մակարդակ:
Միևնույն ժամանակ, Նախագահ Սահակյանն անդրադարձել է համակարգում առկա մի շարք խնդիրների, կարևորել դրանց արդյունավետ լուծումը:
«Անցած տարիների ընթացքում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ հասել ենք մեր երկրի կայուն զարգացմանը և մեր ավանդույթների շնորհիվ շահեկանորեն տարբերվում ենք բարեխղճությամբ ու օրենքի հանդեպ ունեցած հարգանքով: Դա այն արժեքն է, որն անհրաժեշտ է պահպանել»,- իր խոսքում ընդգծել է Բակո Սահակյանը: