11/02/2016 15:26
Հայաստանն ինքնիշխան պետություն է ու միջազգային կազմակերպությունների խորհուրդներն ընդունում է. Հրայր Թովմասյան
Հայաստանն ինքնիշխան պետություն է ու միջազգային կազմակերպությունների խորհուրդներն ընդունում է որպես հավասար կողմ: Այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների փաթեթի համահեղինակ Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ/ԺՄԻԳ մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցը՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:
Արձագանքելով դիտարմանը, թե ԵԱՀԿ /ԺՄԻԳ-ը մի շարք թերություններ է նկատել և իր մտահոգություններն է հայտնել, ինչպես նաև՝ ԸՕ վերաբերյալ իր առաջարկություններն է ներկայացրել, Հ. Թովմասյանն արձագանքեց. «Կարող ա՞ մի հատ էլ 2 է նշանակեն, ստուգարք ու վերաքննություն էլ նշանակել... Հայաստանը հարգանքով է վերաբերում միջազգային կազմակերպություններին և լսում է նրանց կարծիքը: Այդ բոլոր դիտարկումներն ու մտահոգությունները մենք դիտարկում ենք գործընկերային հարաբերությունների շրջանակում: Երբեք Հայաստանը չի անում բաներ՝ ինչ-որ կառույցների հաճոյանալու համար: Այդ ամենը մեզ է վերաբերում, և մենք երբեք միայն այդ կազմակերպությունների համակրանքը շահելու համար բարեփոխումներ չենք նախաձեռնում»,- ասաց նա:
Թովմասյանի խոսքով՝ բոլոր առաջարկությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի, հաշվի են առնված: «Հաշվի առնելով նախորդ ընտրական գործընթացները՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ առաջարկները կքննարկվեն նոր Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ ու դրանք մեծ մասը լուծում կստանա»,- ասաց նա: