11/02/2016 16:00
Էլեկտրոնային քվեարկության մասին խոսում են բոլորը, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ է. Հրայր Թովմասյան
«Էլեկտրոնային քվեարկության մասին խոսում են բոլորը, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ է: Մեկը լսել է, մյուսը՝ տեսել, մեկին պատմել են, և այլն, և այլն»:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀ սահմանադրական խորհրդի անդամ Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով, որ բոլոր այն երկրներում, որտեղ չկա վստահույթյուն ընտրական համակարգերի նկատմամբ, խորհուրդ չի տրվում էլեկտրոնային համակարգի ներդրումը:
«Բայց իր հերթին էլեկտրոնային համակարգը կոչված է ապահովելու վստահության բարձրացումը»,- նկատեց պաշտոնյան՝ հավելելով, որ այս խնդրի լուծումը տեսնում է հետևյալ համատեքստում.
«Պետք է այդ համակարգերը պատրաստված լինեն միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող կազմակեպությունների կողմից. դրանք պիտի անցնեն միջազգային աուդիտ, դրանց երաշխավորը պետք է լինեն միջազգային կառույցները: Այս համակարգերն անձեռնմխելի են, և հնարավոր չէ այնտեղ մուտք գործել և ինչ-որ բան ձեռնարկել ու բան փոխել: Մենք շարունակելու ենք մտածել այն ուղղությամբ, թե ավանդական թղթային եղանակով ինչպե՞ս այս ամենն օգտագործենք»,- ասաց նա:
Շարունակելով խոսքը՝ Հ. Թովմասյանը նշեց, որ էլեկտրոնային քվերակությունը 3 տարբեր կոմպոնենտներ է ենթադրում: «Առաջինը ընտրողների գրանցումն է, որն անկախ ամեն ինչից արվում է: Իսկ երկրորդն այն է, որ բուն քվերակության ժամանակ անձը մոտենում է տերմինալին և քվեարկություն անում: Երրորդը՝ խելացի քվեատուփերն են, որոնց դեպքում, երբ քվեաթերթիկը մուտք է արվում արկղ, այդ ժամանակ ավտոմատ հաշվարկ է տեղի ունենում»,- մանրամասնեց նա՝ ընդգծելով, որ վերջին երկու պայմանները պայմանավորված կլինեն բացառապես նրանով, թե որքանով այդ համակարգերն անցած կլինեն միջազգային աուդիտ, և պատրաստված կլինեն:
Հարցին՝ Հայաստանում վստահություն կա՞ ընտրությունների նկատմամբ, Հ. Թովմասյանը պատասխանեց՝ ցավոք ոչ: «Պատշաճ վստահություն չկա, ուստի պետք է նաև շատ վերապահումով խոսենք այդ համակարգերի ներդրման մասին: Վստահության ձևավորումը պայմանավորված է այդ ինստիտուտի կայացմամբ: Կստացվի, կհաջողվի, այդ քայլը կարվի, չի հաջողվի՝ ուրեմն կփորձենք մյուս եղանակների շրջանակներում գտնել այլընտրանք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է սահմանված ժամկետներին՝ մարտ ամսին, Հ. Թովմասյանը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրն արդեն ուժի մեջ է մտել և հիմնական պատասխանատուն արդարադատության նախարարությունն է, սակայն դեռ բավականին ժամանակ կա, և այս ընթացքում որոշակի քննարկումներ են նախատեսված: «Մինչև ԸՕ վերջնական ընդունումը մենք ժամանակ ունենք՝ մինչև հունիսի 1-ը: Եվ հաշվի առնելով նախկին փորձը կոչ եմ անում, որպեսզի լինի շահագրգիրռ քննարկում, որպեսզի բոյկոտելու տարբերակներ չլինեն: Քանի որ եթե ինչ-որ քաղաքական ուժ չի մասնակցում այդ գործընթացին սկզբից, հետագայում խնդիրներ են առաջանում: Իսկ այն նպատակը, որը դրել ենք այս ամենի հիմքում՝ վստահության բարձրացում, կարող է իրականություն չդառնալ»,- ասաց նա: