11/02/2016 13:01
ԲՀԿ-ն մշակում է ԸՕ-ի առաջարկությունների իր փաթեթը
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ։ ԲՀԿ նախագահն ու դեսպանը քննարկել են դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զեկույցում բարձրացված մտահոգությունները, ու այն քայլերը, որ անհրաժեշտ է անել՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու համար։ Այս մասին հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:
Կողմերը քննարկել են նաև Ընտրական Օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները, որոնք առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում՝ անդրադառնալով այն մեխանիզմներին, որոնք առավել գործուն օրենսդրական պաշտպանություն կսահմանեն՝ ընտրախախտումներն և անօրինականությունները կանխելու համար։ ԲՀԿ նախագահը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշակում է ԸՕ-ի առաջարկությունների իր փաթեթը, և ակտիվորեն մասնակցելու է Ընտրական օրենսգրքի քննարկումներին։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ պատրաստ են իրենց աջակցությունը ցուցաբերել՝ մշակելու Ընտրական այնպիսի օրենսգիրք և համակարգ, որը հնարավորինս կբացառի ընտրական պրոցեսին անօրինական միջամտություններն ու կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության վերականգնմանը։