11/02/2016 19:26
ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Մեծ Բրիտանիան պաշտպանում է Մինսկի խմբի ձևաչափը
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Կողմերը քննարկել են 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված գնահատականում հնչեցված մտահոգությունները: Զրուցակիցները քննարկել են նաև առաջիկայում լրամշակվելիք ընտրական օրենսգրքով առաջարկվող այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան օրենսդրորեն կանխարգելել ընտրական գործընթացին անօրինական միջամտությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին և բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցին: Դեսպանը, ներկայացնելով բրիտանական կառավարության տեսակետը, նշել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Մեծ Բրիտանիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթին, ինչպես նաև՝ Հայաստանի տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր: