11/02/2016 09:48
Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի կադրային փոփոխությունների մասին
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցում երեկ, կարելի է ասել, վերջնական հստակություն մտավ: Չնայած կողմերը դեռևս պաշտոնապես չեն հայտարարել կոալիցիա կազմելու և կառավարությունում իրականացվելիք կադրային փոփոխությունների մասին, սակայն զարգացումների սցենարն արդեն հայտնի է: Այսպիսով, դաշնակցությանը կտրվեն Շիրակի և Արագածոտնի մարզպետների պաշտոնները: Այս մասին գրել է «Ժողովուրդը»:
Իբրև Շիրակի ապագա մարզպետ նշվում է դաշնակցական Հակոբ Մաթինյանի անունը, իսկ Արագածոտնի մարզպետ կդառնա Գագիկ Գյոզալյանը: Նախարարական պորտֆելներից ՀՅԴ-ին կտրվի երեք պաշտոն: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար արդեն չորրորդ անգամ կդառնա Լևոն Մկրտչյանը: Բացի այդ՝ տարածքային կառավարման նախարարությունը կրկին կառանձնացվի արտակարգ իրավիճակներից: Արդյունքում դաշնակցական Դավիթ Լոքյանը կդառնա տարածքային կառավարման նախարար: Ի դեպ, վերը բերված նշանակումների վերաբերյալ լուրերը, ի տարբերություն նախորդ օրերի համանման տեղեկութունների, այլևս չէին հերքվում: Նույնիսկ կարելի է ասել, որ ինչ-որ առումով դրանք անուղղակի հաստատվում էին դրանցում հիշատակվող անձանց կողմից:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ կոալիցիայի, ըստ այդմ, կադրային փոփոխությունների մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը` Սերժ Սարգսյանի կողմից: Նախատեսվում է, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո: