11/02/2016 13:10
Ստամբուլում տարեց հայ զույգի վրա հարձակվածները հայեր են, հիմնականում՝ կանայք
Ստամբուլում տարեց հայ զույգի վրա հարձակվածները հայեր են: Այս մասին գրում է թուրքական Sabah պարբերականը՝ նշելով, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում անցած շաբաթ տարեց հայ զույգին կողոպտած, 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանած, իսկ նրա կնոջը՝ Սեդա Դեմիրջիին ծանր վիրավորում հասցրածները հանցավոր խմբավորման անդամներ են, հայեր:
Նշվում է, որ հանցագործությունից 4 օր անց խումբը ձերբակալվել է Տրապիզոնում՝ նրանք մտադիր էին Վրաստանի տարածքով փախչել Հայաստան։ Տրապիզոնում նրանց կողմից վարձակալած տանը հայտնաբերվել է Հակոբ Դեմիրջիին պատկանող ձեռքի ժամացույցն ու 10 հազար դոլար։
Հիշեցնենք, հայ ամուսինների տանից 1 մլն թուրքական լիրա արժողությամբ զարդեր և գումար էր հափշտակվել:
Ըստ նախնական վարկածի՝ հանցագործությունը նախաձեռնել է Դեմիրջիների տանն աշխատող հայ կինը, որը զանգահարել է Հայաստանում գտնվող իր ազգականներին ու կանչել՝ նշելով, որ հայ զույգը շատ փող ունի։ Եվ ինքն էլ հանցագործների առաջ բացել է դուռը։
Ձերբակալված կասկածյալներից 5-ը կանայք են՝ հիմնականում ՀՀ քաղաքացիներ։ Կասկածյալներն են՝ Արթուր Ա., Սերգեյ Մ., Արամ Հ., Մարիաննա Ե., Քրիստինե Մ., ինչպես նաև ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Լիդա Բ., Նարգիզ Մ., Արմինե Մ.։ Նրանք տեղափոխվել են Ստամբուլ։
Սպանված Հակոբ Դեմիրջիի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ։