11/02/2016 16:21
Շիրխանյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան. Փաստաբան
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր չհրապարակեց Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու գործով որոշումը:
Հիշեցնենք, որ Վ. Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը ժամանակ է խնդրել՝ Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը դատարանին ներկայացնելու համար: Նշենք նաև, որ Շիրխանյանն առողջական խնդիրներ ունի, հետևաբար դատական նիստին այսօր նա չէր մասնակցում:
Գործով քննիչը Վահան Շիրխանյանի խափանման միջոցը՝ կալանքը, ևս երկու ամսով երկարացնելու համար մի շարք հիմնավորումներ է նշել, սակայն Շիրխանյանի պաշտպանն ընդգծում է, որ իր պաշտպանյալը չի ընդունում այդ մեղադրանքները:
«Հիմնավորվում է, թե ազատության մեջ մնալով, Վահան Շիրխանյանը կխոչընդոտի գործի նախաքննությանը՝ դատավարության մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրելու եղանակով»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ համոզված լինելով, որ Շիրխանյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան:
Պաշտպանի խոսքով՝ Վ. Շիրխանյանի առողջական վիճակն անհանգստացնող է: Նա հիշեցրեց, որ վերջինս ունի ոտքերի հետ կապված խնդիրներ և չի կարողանում տեղաշարժվել: «Նա ունի ոտքի երակներում թրոմբ, նրա առողջական վիճակը կարող է կտրուկ վատանալ»,- ասաց նա:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար պաշտպանական կողմը դիմել էր Քրեակատարողական հիմնարկների վարչության պետին, սակայն հայտնել են միայն, որ այդ հարցով դիմել են Առողջապահության նախարարին՝ պետպատվերի շրջանակում հարցը լուծելու համար:
«Այս պահին առողջապահության նախարարությունի արձագանք չկա, բայց մենք պատրաստ ենք Վահան Շիրխանյանի հարազատների անձնական միջոցների հաշվին իրականացնել հետազոտությունը և վիրահատությունը: Մեր ցանկությունն է նրան շտապ տեղափոխելը: Չգիտես ինչու՝ այս անգամ որոշել են, որ պետպատվերի շրջանակում տեղի ունենա այդ վիրահատությունը, որը լրացուցիչ ժամանակ է պահանջում: Հիմա պետք է սպասենք Առողջապահության նախարարի պատասխանին: Քանի որ Վահան Շիրխանյանն այս պահին համարվում է կալանավոր և գտնվում է Երևանի կենտրոն քրեակատարողական հիմնարկում, նրա իրավունքներն այդ կոնտեքստով են իրացվում, հետևաբար մենք դիմել ենք քրեակատարողական վարչություն, իսկ երբ կտեղափոխվի քաղաքացիական հիմնարկ, մենք նաև համապատասխան դիմումներ կներկայացնենք առողջապահության նախարարություն»,- հավելեց նա:
Պաշտպանը նաև մտավախություն ունի, որ գործընթացը կերկարի, իսկ կիրակի օրը դատարանը որոշումը կկայացնի՝ 2 ամսով երկարացնել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը, թե՝ ոչ: