11/02/2016 10:35
Մեքենան բախվել է աղբատարին. Տուժողի վիճակը ծանր է
Այս գիշեր ժամը 01.54-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր քաղաքի «Ուկրշին» տնակային ավանի 3-րդ տնակի հարևանությամբ «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան (վարորդը դեպքի վայրում չի գնտվել) բախվել է «Զիլ» մակնիշի աղբատար մեքենային (վարորդ՝ Գ. Թ.):
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1986 թ. ծնված Վ. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: