12/02/2016 19:50
Նախագահը պարզ և բաց խոսեց. Հրանուշ Հակոբյան
Եթե հեղինակազրկվածներ կան, պիտի գնան: Այս մասին քիչ առաջ Նախագահի նստավայրում ավարտված խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարի խոսքով՝ խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ խոսվեց նախարարների աշխատանքի մասին.
«Ես կարծում եմ պետք է կրկնապատկել մեր ուժը»,- ասաց նախարարը:
Լրագրողների ճշտող հարցին՝ ստացվո՞ւմ է իրենք վատ են աշխատել, Հրանուշ Հակոբյանը հավելեց.
«Միշտ էլ լավից լավը կա: Նախագահը պարզ և բաց խոսեց: Հստակ խոսեց, որ պետք է պետական պաշտոնյաներն ավելի ակտիվ ու լավ աշխատեն: Ասաց նաև, որ մեր կողքին ավելի խելացիներ ու գրագետներ կան, պետք է գտնել երիտասարդների ու նրանց աջակցել ուժ տալ: Ինձ համար խոսքում հատկապես կարևոր էր այն, որ մեզ համար Հայաստանն ու հայ ժողովուրդը ամենամեծ արժեքներն են ու մնացած բոլորը պետք է բխի դրանից»,- ասաց Սփյուռքի նախարարը՝ նշելով, որ խորհրդակցության ժամանակ առանձնահատուկ խոսվել է նաև Սփյուռքի դերի մասին:
Հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցը, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց.
«Եթե հեղինակազրկվածներ կան՝ պիտի գնան ու, եթե կան կուսակցություններ, որտեղ կան ուժեր, որոնք կարելի ա օգտագործել՝ ինչո՞ւ չօգտագործել»,- ասաց Սփյուռքի նախարարը: