12/02/2016 20:14
Նախագահ. Ու՞մ է պետք պաշտոնյան, ով ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով
Մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաններ, այլ՝ ամեն գնով այդ ծրագրերն իրականացնող չինովնիկներ: Այս մասին այսօր ՀՀ Նախագահաի նստավայրում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցությանը հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեզ պետք է ցանկացած հանրային նշանակության հարց սեփական բարօրությունից հարյուր անգամ բարձր գնահատող հանրային ծառայող:
Անել այն, ինչ կարողանում ենք, անել այնքան, որքան կարողանում ենք՝ սա որևէ հանրային ծառայողի համար չի կարող արդարացում լինել: Հանրային ծառայությունում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր ունակ են անելու այն, ինչն անհրաժեշտ է:
Գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա: Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչև իշխանության ամենաբարձր օղակ: Սրանով իրենց կարծիքով երկու կարևոր խնդիր է լուծվում.
1. հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում և, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով,
2. պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց:
Երկու հստակ դիտարկում ունեմ այս առիթով, որ ուզում եմ բոլորը լավ հիշեն.
1. նախ «վերևում» պատասխանատվությունից խուսափող և քննադատությունից վախեցող չկա,
2. հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց:
Մեր խնդիրների լուծումը մեզնից դուրս չպետք է փնտրել: Այո՛, մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր խնդիրների, և մենք ենք լուծողը այդ խնդիրների:
Մեզնից յուրաքանչյուրը, ինչպիսին որ ուզում է տեսնել իր շրջապատը, իր ընտանիքը, իր ընկերներին, իր հասարակությունն ու պետությունը, առաջին հերթին ինքն է պարտավոր այդպիսին լինել:
Թերահավատությամբ տոգորված մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:
Իրենց ուժերի նկատմամբ վստահություն չունեցող մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:
Գործը թողած և ուրիշների մասին անընդհատ պատերի տակ խոսացող մարդիկ տեղ չունեն մեր իշխանության մեջ:
Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքից ու պահվածքից է կախված հավատը դեպի սեփական պետությունը:
Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը կայանա որպես երկիր ու հասարակություն, որտեղ.
- Իշխանությունը թափանցիկ է և ամբողջովին վստահելի, որի նպատակը երկրի քաղաքացիների ու արտերկրում գտնվող հայորդիների ներկա և ապագա բարեկեցությունն է, որի անդամները հավասարապես հաշվետու են օրենքի առջև այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի, և որի անդամները չեն ղեկավարվում անձնական շահերով,
- Արդարադատության համակարգը զերծ է ազդեցություններից, արդար է և անկաշառ։ Օրենսդիրը բանիմաց է և հարգված։ Պետական ծառայությունն ամենահարգի աշխատանքային ձևն է, որովհետև այն հնարավորություն է ընձեռում հայրենիքին ու ժողովրդին ծառայելու և պահանջում է բարձրագույն մասնագիտական որակ,
- Հասարակությունն ունի բարձր կենսամակարդակ, բարեկիրթ է, հանդուրժող, մարդասեր։ Տնտեսությունը դինամիկ զարգացման ուղու վրա է՝ հենված ողջ ազգի մարդկային կապիտալի վրա: Այն զարգացման հավասար հնարավորություն է ընձեռում բոլորին, թույլ չի տալիս անարդար մրցակցություն, վերաբաշխում է ռեսուրսները հարկային ազնիվ ու արդյունավետ քաղաքականության միջոցով,
- Շրջակա միջավայրն ու բնական պաշարների պատասխանատու կառավարումը հույժ կարևոր են պետության գոյատևման և առաջնային՝ ապագա սերունդների բարեկեցության համար,
- Մարդու իրավունքները ձևավորված ամուր արժեքային համակարգ են։ Հայաստանի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, հույները, քրդերը, ռուսները և մյուսները, լիարժեք ինքնադրսևորվում են,
- Զինված ուժերն ամենազորեղն են տարածաշրջանում իրենց ոգով, նվիրումով, ժամանակակից սպառազինությամբ և կյանք, պատմություն, մշակույթ պահպանելու նպատակային կարևորությամբ,
- Սփյուռքն ու Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն՝ ազգ։ Սփյուռքի իրավունքը Հայաստանում ճանաչված է ու խրախուսելի, նրա ներուժն ամբողջությամբ ներառված է:
Նորացված Սահմանադրությունը նոր շունչ է նոր սկզբի համար. մենք ինքներս մեզ համար եզակի հնարավորություն ենք ստեղծել նոր թափ հաղորդելու զարգացմանը և շտկելու թերացումները: Ու սա վերաբերում է բոլորիս՝ թե՛ երկրի Նախագահին, թե՛ շարքային քաղաքացուն»,- ասել է Սերժ Սարգսյանը: