12/02/2016 20:04
Սերժ Սարգսյան. Պարտավոր ենք ստեղծել հասարակություն, որտեղ չեն լինի արտոնյալներ
Վստահ եմ, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ: Այս մասին այսօր ՀՀ Նախագահաի նստավայրում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցությանը հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դեկտեմբերի 6-ից հետո մենք ամենատարբեր ձևաչափերով բազմիցս խոսել ենք Սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու գործընթացի ուղղությունների, ժամանակացույցի և անհրաժեշտ հետևողականության մասին: Կարծում եմ՝ արդեն կարող ենք բարձրաձայնել, որ մեր երկրում ողջ թափով սկսվել է նոր քաղաքական համակարգի ձևավորման, նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացը:
Այն կհամապատասխանի մեր հասարակության դինամիկ և բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին: Կարձագանքի ազատ, ապահովված, քննադատական մտածելակերպ ունեցող մարդկանց քաղաքական մշակույթին: Ինչպես շատ ժողովրդավարական պետություններում, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները: Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ:
Քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ՝ պայմանով, որ լինի միջկուսակցական կոնսենսուս արտաքին քաղաքականության ռազմավարական սկզբունքների, սոցիալական կայունության, ազգային անվտանգության, սահմանադրական համակարգի հիմնարար դրույթների և ինքնիշխանության պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինքնակազմակերպման և ինքնակառավարման բոլոր ձևերի գոյության շուրջ: Նման կոնսենսուս գոյություն ունի գրեթե բոլոր ժամանակակից ժողովրդավարական երկրներում:
Սահմանադրական փոփոխությունների իրականացման այս փուլում կարևոր եմ համարում ապագայի մասին մեր պատկերացումները ևս մեկ անգամ բարձրաձայնելը: Եվս մեկ անգամ հնչեցնենք մեր գաղափարները: Նորից հարցնենք ինքներս մեզ, թե ինչպե՞ս ենք տնօրինելու մեր պետության, մեր ժողովրդի ժառանգությունը: Ինչպե՞ս ենք պահպանելու ու բազմապատկելու այն: Ինչպիսի՞ն ենք ուզում լինի Հայաստանը վաղը, տասը կամ քսան տարի հետո: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի տեղն ու դերը աշխարհում, ինչպիսի՞ն կլինի Հայաստանը մեր զավակների, սերունդների համար: Միգուցե նորություն ասած չեմ լինի, միգուցե կրկնվեմ, բայց հատկապես այս փուլում մեկ անգամ ևս ամրագրելը պարտադիր եմ համարում, որպեսզի վաղը, մյուս օրը տարբեր մեկնաբանություններ չլինեն:
Վստահ եմ, որ բոլորն են այսօր մտածում՝ ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ վաղվա օրն այսօրվանից լավը լինի, որ կյանքը բարելավվի, որ մեր երկիրը դառնա ավելի կազմակերպված, ավելի կայուն, ավելի գրավիչ թե՛ մեր հայրենակիցների, թե՛ օտարազգիների համար: Ինչպե՞ս անել, որ որակյալ կրթությունն ու առողջապահությունը հասու լինեն բոլորին: Ինչպե՞ս անել, որ հայրենասիրությունը երբեք սոսկ խոսք չլինի, ինչպե՞ս անել, որ հայրենիքի հզորացումը յուրաքանչյուրի երջանկության գրավականը լինի:
Մեզ չպիտի գոհացնի այն վիճակը, որ այսօր կա Հայաստանում: Մենք պետք է մատնացույց անենք գրեթե բոլոր ոլորտներում քայլ առ քայլ ձեռք բերվող հաջողությունները, բայց միշտ պետք է չբավարարվենք դրանցով: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին: Այնպիսի Հայաստան, որը դեպի իրեն կձգի օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ու նրանք հպարտությամբ բոլոր պատեհ առիթներով այլոց մոտ կարտաբերեն «Հայաստան» անունը: Արտաքին քաղաքական մարտահրավերները ևս հարկադրում են մեզ օր առաջ մտնել մեծ վերելքի ուղի: Մեր բոլորի ջանքերը պետք է ուղղել այս խնդրի լուծմանը, մեր բոլորի միտքն ու գիտելիքներն է պետք ծառայեցնել դրան:
Մենք պարտավոր ենք հասնել սոցիալական համերաշխության երկրի ներսում: Սոցիալական խնդիրները սերտորեն կապված են արդարության հետ, և մենք պարտավոր ենք էապես բարձրացնել հասարակական հարաբերություններում արդարության հաստատման գործընթացի տեմպը:
Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ չեն լինի արտոնյալներ, այլ կլինի միասնական ժողովուրդ՝ կարգապահ, օրենքները հարգող, խաղաղություն սիրող, հպարտ: Էլի՞ ենք խոսել այս մասին: Իհարկե, խոսել ենք բազմիցս: Ու դեռ շատ ենք խոսելու: Մեզ հաջորդողներն էլ են խոսելու այս մասին, նրանց հաջորդողներն էլ: Սա չի նշանակում, որ առաջընթաց չկա, իհարկե՛ կա, արդար աչքը շատ բան կտեսնի, բայց կրկնում եմ՝ նոր արագություն է պետք հաղորդել այս ուղիով մեր ընթացքին:
Մենք չպիտի բավարարվենք միայն Հայաստանի ներքին խնդիրների կարգավորմամբ: Աշխարհաքաղաքական փոփոխությունները մեզ հարկադրում են միավորել աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ ապահովելու համար մեր ժողովրդի անվտանգ գոյությունը և տեղն աշխարհում: Այդ տեսանկյունից ուղղակի անհրաժեշտություն է, որ Հայաստանը լինի բոլոր առումներով կարգավորված պետություն և հանդիսանա միացյալ հայությանը դեպի իրեն ձգող, գրավիչ, հույսեր ներշնչող օրրան:
Մենք երկու գլխավոր արժեք ունենք՝ հայ ժողովուրդը և Հայաստանը: Դրանք պիտի վեր լինեն մեր բոլոր մյուս արժեքներից: Եվ մեր բոլոր քայլերը, որոշումներն ու վարքն ամբողջությամբ պիտի բխեն այս երկու արժեքներից: Սա՛ են պահանջում Հայաստանի շահը և ապագան: Սա՛ են պատգամել մեր նախնիները: Ու մեզնից յուրաքանչյուրի վարքը չափվում է հենց այս արժեքներով. եթե որևէ արարք կհզորացնի մեր երկիրը, կոգևորի մեր ժողովրդին, արժանի է դրվատանքի, հակառակը՝ պարսավանքի»,- ասել է Սերժ Սարգսյանը: