12/02/2016 20:20
Նախագահ. Պետք է հիասթափեցնեմ հեղափոխության կողմնակիցներին. Մենք չենք շտապելու
Մենք իսկապես ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում: Ունենք հնարավորություն կառուցելու նոր, ազատ և ուժեղ Հայաստան: Սահմանադրության փոփոխություններն իսկապես տալիս են այդ հնարավորությունը, և դա մենք պետք է օգտագործենք լիարժեքորեն:
Այս մասին այսօր ՀՀ Նախագահաի նստավայրում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցությանը հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել: Միևնույն ժամանակ կհիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր գոհ են ստատուս քվոյից: Էական փոփոխությունները շարունակվելու են: Դրանք կլինեն աստիճանաբար, մտածված և փուլ առ փուլ, բայց կայուն և հետևողականորեն իրականացված:
Տաղանդավոր մարդիկ, որոնք ձգտում են ստեղծել նորն ու լավագույնը, այլ մոլորակից չեն գալու: Նրանք մեր կողքին են: Մենք՝ պետությունը, հասարակությունը և ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել և պաշտպանել այդպիսի մարդկանց, ոչ թե շահարկենք երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը:
Քաղաքական մշակույթը չի կարելի վերափոխել առաջատար հասարակությունների քաղաքական սովորությունների պարզ ընդօրինակման շնորհիվ: Արդյունավետ դատական համակարգը չի կարելի ներմուծել: Ազատությունը անհնարին է արտագրել գրքից, անգամ, եթե դա շատ խելացի գիրք է:
Մենք անպայման կսովորենք ուրիշ ազգերից, կուսումնասիրենք փորձը, կդիտարկենք նրանց հաջողություններն ու անհաջողությունները ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ընթացքում: Բայց ոչ ոք մեր փոխարեն չի ապրի մեր կյանքը: Ոչ ոք մեր տեղը չի դառնա ազատ, հաջողակ և պատասխանատու: Միայն ժողովրդավարության կառուցման մեր սեփական փորձը մեզ իրավունք կտա պնդելու, որ մենք ազատ ենք, հաջողակ և պատասխանատու: Օգնում են մարդկանց, ովքեր ձգտում ունեն, ձգտում չունեցողներին սոսկ ողորմություն են տալիս»,- ասել է նա: