12/02/2016 11:12
Արագածոտնում դեմ են Դաշնակցական մարզպետին
Լուրերը, թե Դաշնակցությանը` ՀՀԿ հետ համագործակցության կայացման դեպքում, հնարավոր է, տրվի նաև Արագածոտնի մարզպետի պաշտոնը, բուռն դժգոհություններ են առաջ քաշել մարզում:
Aysor.am-ի աղբյուրների հաղորդմամբ՝ մի քանի օր շարունակ մարզպետարանում հերթեր են գոյանում. համայնքապետերը շտապում են իրենց դժգոհությունն արտահայտել Գագիկ Գյոզալյանի վերադարձի կապակցությամբ, քանի որ դաշնակցական աղբյուրները լուրեր են շրջանառում, որ հենց նա` Արագածոտնի նախկին մարզպետն է վերադառնալու այդ պաշտոնին:
Ըստ մեր տեղեկությունների` համայնքապետերը նաև առաջարկել են նամակ գրել ու հրապարակային հանդես գալ իրենց դժգոհություններով, հիշեցնելով, թե ինչ վիճակում էր մարզը ՀՅԴ-ական մարզպետի կառավարման օրոք, սակայն գործող մարզպետ Սարգիս Սահակյանը հորդորել է նման քայլերի չգնալ ու առհասարակ ոչինչ չձեռնարկել: Ավելին` արգելել դա` պատճառաբանելով, որ ինքը կուսակցական գործիչ է և եթե կուսակցությունը նման որոշում կայացնի, ապա դա քննարկման ենթակա չէ:
Համայնքապետերից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ Գյոզալյանի օրոք մարզում ո՛չ լուսավորություն կար, ո՛չ ճանապարհներ, իրենք էլ մարզպետին տեսնում էին մի քանի ամիսը մեկ: Մարզպետարան-համայնքապետեր կապն ընդհանրապես գոյություն չուներ, մարդիկ շատ անգամ իրենց խնդիրներով չգիտեին, թե ում դիմեն: Իհարկե, շտապեց նշել մեր զրուցակիցը, գործող մարզպետի օրոք էլ շատ խնդիրներ կան ու անելիքներ, որոնց լուծման դեպքում մարզն ավելի լավ կապրեր, բայց իրենք գոնե գիտեն, որ կարող են ամեն րոպե ու ամեն խնդրով դիմել մարզպետարան ու իրենց կլսեն.
«Հարմարվել ենք, աշխատում ենք, հին օրերին չենք ուզում վերադառնալ»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Նա նաև հավելեց, որ հիմա լուռ սպասում են զարգացումների, քանի որ մարզպետ Սահակյանը արգելել է որևէ բան ձեռնարկել:
Նշենք, որ Aysor.am-ին այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: