12/02/2016 16:11
«Աղչի, հերիք մեղադրես». Թեժացումներ ԱԺ պետաիրավականի նիստում
Գագիկ Ջհանգիրյանը օգնեց ՀՀԿ-ի թեկնածուին: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ, ՄԻՊ թեկնածու առաջադրված Զարուհի Փոստանջյանը:
Տիկին Փոստանջյանի դժգոհությունը հարուցեց այն հանգամանքը, որ ՀԱԿ խմբակցության անդամ Գ. Ջհանգիրյանը որոշեց ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը, ինչը նշանակում է, որ և՛ ինքը, և՛ Տիգրան Ուրիխանյանի թեկնածուն զրկվեցին մեկ ձայն ստանալու հավանականությունից: Երրորդ թեկնածուն, հիշեցնենք, ՀՀԿ առաջադրած Արման Թաթոյանն է, ում օգտին՝ քաղաքական դրդապատճառներով, Գ.Ջհանգիրյանը չէր քվեարկի:
Բացի Գ. Ջհագիրյանին կշտամբելուց՝ տիկին Փոստանջյանը մեղադրեց նաև ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, ով ավելի վաղ հայտարարել էր, թե կողմ է քվեարկելու առաջադրված երեք թեկնածուներին.
«Դուք դեռ իշխանության անդամ չեք, ու լավ կլիներ, որ չքվեարկեիք նրա օգտին: Կարծում եմ՝ իշխանություններըձեր ծառայության կարիքը չունեն»,- ասաց Զ. Փոստանջյանը, և ավելի բորբոքվելով ՝ շարունակեց.
«Պետք չէ իմ օգտին քվեարկել, ես ձեր ծառայության կարիքը չունեմ»,- ասաց նա ու հուներից հանեց Ա.Մինասյանին.
«Աղչի, հերիք մեղադրես. Դու չպիտի որոշես»,- արձագանքեց Արծվիկ Մինասյանը:
Հանձնաժողովի քվեարկության արդյունքում պարևզ դարձավ, որ Զարուհի Փոստանջյանի օգտին քվեարկել է հանձնաժողովի հինգ անդամ, դեմ՝ վեցը, Տիգրան Ուրիխանյանի թեկնածուի օգտին քվեարկել էին երկուսը, իսկ ՀՀԿ-ի թեկնածուն՝ Արման Թաթոյանը ստացավ յոթ ձայն: Համաձայն օրենքի՝ ԱԺ լիագումար նիստում կներկայացվի միայն Արման Թաթոյանի թեկնածությունը, ում արդեն այսօր կարելի է հռչակել Հայաստանի մարդու իրավունքների չորրորդ պաշտպան: