12/02/2016 13:59
Բորդյուժա. Արցախյան հիմնահարցի շուրջ ՀԱՊԿ դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել
ՀԱՊԿ-ն արձագանքել, արձագանքում և արձագանքելու է այն բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա: Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամուրջի շրջանակներում ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշմանը:
Նա չհամաձայնեց հնչած այն տեսակետի հետ, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում պարբերաբար գրանցվող միջադեպերին:
«Վերջին անգամ, երբ Հայաստանում էի, փոխանցել եմ այն հայտարարությունների ցանկը, որոնք արվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կողմից»,- ընդգծեց Ն. Բորդյուժան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ իրեն զարմացնում է, երբ հայկական լրատվամիջոցները գրում են, թե ՀԱՊԿ-ն չի արձագանքում.
«Հարկավոր է ծանոթանալ ՀԱՊԿ հայտարարություններին, որոնք ամեն տարի արվում են, որտեղ անդրադարձ կա Կովկասին»:
Ն. Բորդյուժան հիշեցրեց «Ռոսիա 24»-ի հաղորդման ժամանակ ԼՂ հետ կապված հայտարարությունը . «Մենք խոսում էինք այն մասին, որ անթույլատրելի է լարվածության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական շփման գոտում: Այն հայտարարությունները, որոնք արվել են այս տարիներին, կարծում եմ, բավարար են»,- ասաց նա ու ընդգծեց, որ չի կարծում՝ իրավիճակն ազդում է կազմակերպության հեղինակության վրա:
Շարունակելով խոսքը՝ Ն. Բորդյուժան ասաց, որ այս տարիների ընթացքում արցախյան հիմնահարցի շուրջ ՀԱՊԿ դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել.
«ՀԱՊԿ-ը ներգրավված չէ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք հետևում ենք այս հարցում իրադարձությունների զարգացմանը, որովհետև այն կապված է մեր գլխավոր դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի հետ»: