12/02/2016 11:32
Պայքար՝ Զարուհու համար. Մարուքյանը չի ստանձնում «Ժառանգության» գերեզմանափորի դերը
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջադրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը՝ ՄԻ պաշտպանի պաշտոնում: Պատգամավորը նշեց, որ այս տարիների ընթացքում տիկին Փոստանջյանն աչքի է ընկել իր իրավապաշտպան գործունեությամբ, և հիշատակեց մի շարք դեպքեր, երբ Զ. Փոստանջյանի դերակատարումը ազդեցություն է ունեցել այդ ոլորտում.
«Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված նրա մոտեցումները ես ամբողջությամբ կիսում եմ: Իմ հիշողության մեջ նա տպավորված է որպես խիզախ կին, որը պատրաստ է գտնվել ցանկացած տեղում: Խնդրում եմ քվեարկել նրա օգտին և հնարավորություն տալ այդ ինստիտուտը ներկայացնելու նախկին ընդդիմադիրի, քանի որ պաշտոնին անցնելուց հետո նա պարտավորվելու է վայր դնել իր բոլոր լիազորությունները»,- նշեց Է.Մարուքյանը:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ առաջարկեց համագործակցություն՝ քվեարկել միմյանց ներկայացրած թեկնածուների օգտին.
«Ես չեմ պատկերացնում այլ թեկնածուի, ում կարող էի ձայն տալ, բացի Զարուհի Փոստանջյանից: Այնպես որ չէի պատկերացնում այդ համագործակցությունը: Իսկ առաջադրումից հետո կարող էիք միանալ, եթե կար նման ցանկություն»,- արձագանքեց Է.Մարուքյանն ու առաջարկեց` եթե կողմ եք այդ թեկնածությանը, ապա ձեր թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել, իսկ դուք միանաք ինձ:
Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարեց, որ չի մեղադրում Մարուքյանին այն բանի համար, թե ինչո՞ւ վերջինս պայմաններ չստեղծեց միասնական թեկնածու առաջադրելու համար: Բայց Մարուքյանի ասածի հետ էլ համաձայն չէ, քանի որ, հիշեցրեց Ուրիխանյանը, երբ հարցրել է Մարուքյանին` ունի՞ արդյոք թեկնածու, վերջինս ասել է, թե դեռ ոչ, համոզում է:
ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ զարմանում է, թե ինչո՞ւ է Մարուքյանը նման առաջադրում անում, քանի որ Զ. Փոստաջյանի՝ ՄԻ պաշտպան դառնալու դեպքում «Ժառանգություն» խմբակցության գոյությունը ԱԺ-ում այլևս վտանգված կլինի, քանի որ այս պահի դրությամբ միակ ներկայացուցիչն այդ կուսակցությունից ԱԺ-ում Փոստանջյանն է:
Է. Մարուքյանն էլ արձագանքեց, թե ինքն է զարմանում, որ Հանրապետական խմբակցությունն է «այդ դարդն անում»: Բայց ինքը հաստատ գերեզմանափորի դերակատարում այս դեպքում չի ստանձնում ու դժվար թե այդ դեպքում էլ խմբակցության գոյությունը վտանգված լինի: