12/02/2016 11:55
Փոստանջյանը կդառնա ՄԻՊ, որ պաշտպանի նաև Տիգրան Ուրիխանյանի իրավունքները
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը քվեարկելու է նաև Զարուհի Փոստանջյանի օգտին: Այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որում ընտրվելու է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն:
Պատգամավորը, սակայն, հարց հնչեցրեց` հիշեցնելով, որ դեռ երկու ամիս առաջ Զ. Փոստանջյանը ժողովրդին հորդորում էր դուրս գալ փողոց, անհնազանդության ալիք բարձրացնել, ու շատ մարդիկ իր հետևից պատրաստ են գնալ.
«Բա որ հիմա հանկարծ ընտրվեք` լքելո՞ւ եք այդ ժողովրդին»,- հետաքրքրվեց Տ. Ուրիխանյանը:
Նաև ասաց, որ այս ամենի մասին հետևյալ կարծիքն ունի.
«Ձեզ հատուկ չեզոքացնում են` խորհրդարանում ձեզ սպառելու համար: Դուք ընկել եք ծուղակի մեջ»,- պնդեց Տ. Ուրիխանյանը:
Զ. Փոստանջյանն էլ ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր ուրույն տեղն ունի ՀՀ նորագույն պատմության մեջ, նա իր արժեքն ունի ու այդ արժեքը, վստահ պնդեց նա, չի կորի: Եվ եթե «Ժառանգությունում» Զ. Փոստանջյանը գործունեություն չի ծավալում, ապա դա չի նշանակի, որ կուսակցությունն այլևս չկա.
«Մենք ընդհանուր շահը, ժողովրդի շահը սպասարկելու համար ենք այս գործընթացի մեջ ներգրավվել»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Տ. Ուրիխանյանը հիշեցրեց` իր հիմնական հարցը մնաց անպատասխան. ի՞նչ է, լքելու է ժողովրդին, ում դեռ երկու ամիս առաջ անհնազանդության կոչեր էր անում:
«Քանի որ դուք էլ եք այդ մտքով առաջնորդվում, որ հարկավոր է մեր հանրապետությունում իշխանափոխություն, դրական եք վերաբերում այդ կոչերին, ես ձեզ պետք է պաշտպանեմ, որովհետև եթե դուք այդ ոգով գնաք առաջ, ընդդեմ բիրտ ուժի` ես պաշտպանելու են ձեր իրավունքները»,- միայն նշեց Զ. Փոստանջյանը: