12/02/2016 12:39
Փոստանջյանի դիպլոմը չի համապատասխանում ՄԻՊ դառնալու չափանիշներին
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Զարուհի Փոստանջյանը 1994 թ. ավարտել է Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Մասնագիտությամբ իրավաբան-իրավագետ է: Սակայն հենց այս հանգամանքը կարող է նրան խանգարել ստանձնել ՄԻՊ պաշտոնը, քանի որ Փոստանջյանն ունի ոչ պետական ու չհավատարմագրված կրթոական կառույցի դիպլոմ:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով` բուհը մասնավոր էր և հետագայում պատգամավորը պարտավոր էր հանձնել որակավորման քննություն, որպեսզի դիպլոմը իրավական ուժ ստանար: Զարուհի Փոստանջյանը, սակայն, չի անցել այդ ատեստավորումը, հետևաբար՝ դիպլոմը այսօր չի կարող համարվել պետական նմուշի և պատգամավորի փաստաթղթերը թերի են պաշտոնը ստանձնելու համար:
«Դա ձեր կարծիքն է»,- ընդհատեց Զ. Փոստանջյանը:
Հ. Սահակյանը շարունակեց` եթե պատգամավորն ունի համապատասխան փաստաթղթեր, որ կարող են ապացուցել հակառակը, ապա կարող է ներկայացնել հանձնաժողովին.
«Եթե չեք անցել ատեստավորման գործընթաց 2000-ականներին, ապա բարի խորհուրդս ձեզ` անցեք»,- ասաց նա:
Բայց Զ. Փոստանջյանն այս շատ նուրբ թեմայի վերաբերյալ այլ պատասխան չտվեց, քան արձագանք.
«Ձեր հորդորները կարող եք ուրիշին հղել, ես դրա կարիքը չունեմ»:
Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ, փաստորեն, հանձնաժողովը սխալ է արել, որ գրանցել է իր թեկնածությունը.
«Ձեզ գրանցումից չենք հանում, որ չգնաք ու հայտարարեք, թե քաղաքական հետապնդում է»,- ասաց Հ. Սահակյանը:
Փոստանջյանն էլ հայտարարեց. «Եթե այդքան դուխ ունեք` փորձեք»:
Հ. Սահակյանը հորդորեց կոռեկտ լինել գոնե այս նիստի ժամանակ: