12/02/2016 19:22
Կոալիցիոն հուշագրի մասին խոսք չի գնացել. Շարմազանով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ծրագրային, հայեցակարգային ելույթով: Այս մասին քիչ առաջ Բաղրամյան 26-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոնսակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցին՝ խոսքը բացառապես գնացել է սահմանադրական բարեփոխումների՞ մասին, Է. Շարմազանովը պատասխանեց, որ դա եղել է առհասարակ ծրագրային ելույթ, որտեղ անդրադարձ է եղել երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին:
Պատասխանելով հարցին՝ արդյոք կառավարության կառուցվածքային փոփոխության վերաբերյալ խոսք գնացե՞լ է, Շարմազանովը պատասխանեց, որ խոսքը գնացել է ավելի գլոբալ հայեցակարգային հարցերի շուրջ: «Սկսած սոցիալ-տնտեսական խնդիրներից, վերջացրած մեր անելիքներով: Թե Սահմանադրության նոր իրողության մեջ ինչպիսի Հայաստան պետք է ունենանք: Անդրադարձ է եղել նաև պաշտոնյաների գործունեությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ներքին և արտաքին բոլոր խնդիրներին: Այսինքն՝ չի եղել մի ոլորտ, որին անդրադարձ չլինի»,- մանրամասնեց նա:
Լրագրողի հարցին՝ Դաշնակցության հետ համագործակցության վերաբերյալ խոսք գնացե՞լ է, Շարմազանովը պատասխանեց, որ կոնկրետ այդ հարցով խոսք չի գնացել, սակայն կուսակցությունների դերի բարձրացման մասին: «Զուտ նեղ կոալիցիոն հուշագրի մասին խոսք չի գնացել»,- ասաց նա: