13/02/2016 12:57
«Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած». Աշոտյանը հոգեբանորեն պատրաստ է հեռանալ
Դաշնակցության մեջ ունեմ շատ ընկերներ: 2009 թվականին, երբ ստանձնեցի նախարարի պաշտոնը Սպարտակ Սեյրանյանից, մենք բազմիցս հանդիպել ենք, աշխատել ենք սահուն փոխանցում կատարել: Համակարգն այնպիսին է, որ քաղաքական պատկանելությունը նշանակություն կարող է ունենալ դետալների մեջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ վերջին 15-20 տարիներին Հայաստանի կրթական բարեփոխումների վրա քաղաքական պատկանելությունը չի ազդել:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նեղացած չէ Դաշնակցությունից, Ա.Աշոտյանն ասաց.
«Ինչպես ճիշտ կատակեցի դաշնակցական շրջապատում` Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած»:
Նախարարի խոսքով՝ ինքը պատրաստ է թերթել քաղաքական գործընթացներով թելադրվող էջը. հոգեբանորեն այն արդեն թերթել է, իսկ իրավաբանորեն՝ ոչ, քանի որ դեռ նախարար է.
«Աշխատում եմ մինչ այն պահը, երբ 2009 թվականին նախագահի կողմից նշանակված նախարարը 2016 թվականին նախագահի հրամանագրով կազատվի աշխատանքից»,- ընդգծեց նա:
Ըստ նախարարի՝ քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի ճեղքել հարմարավետության գոտին և նոր մարտահրավերների դիմակայել: Իսկ ինքը դեռ երիտասարդ է և սիրում ու պատրաստ է քաղաքական գործընթացներին:
Ա.Աշոտյանը լռեց իր հետագա գործունեության մասով, սակայն հավաստիացրեց, որ ակտիվությունը Facebook-ում չի նվազելու: