13/02/2016 14:50
Իրանը Վրաստանին գազ կմատակարարի «Գազպրոմի» և Հայաստանի օգնությամբ
Վրաստանում Իրանի դեսպան Աբբաս Թալեբի-Ֆարին հայտարարել է, որ տեխնիկական բոլոր հնարավորություններն առկա են Իրանից Վրաստան բնական գազ մատակարարելու համար: Այս մասին գրում է «Գռուզիա օնլայնը»:
«Իհարկե, դա հարկավոր է մշակել տեխնիկապես, դրա վրա պետք է աշխատեն փորձագետներն ու մասնագետները: Բայց ես փաստում եմ, որ նման հնարավորություն առկա է: Կարելի է օգտագործել նույն հայկական ուղին, կարող ենք օգտագործել նաև ադրբեջանական ենթակառուցվածքները: Այս իմաստով, լինի դա Հայաստանը, թե Ադրբեջանը, հարկավոր է համագործակցության եռակողմ ձևաչափ»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ կա ևս մեկ «սվոպ տարբերակ», երբ համագործակցության մասին բանակցությունները կարող են տարվել Իրանի, Վրաստանի, ռուսական «Գազպրոմի» և Հայաստանի միջև: Ընդ որում, շեշտել է պաշտոնյան, վերջին տարբերակն ամենահավանականն է:
Աբբաս Թալեբի-Ֆարին նշել է նաև, որ հնարավոր է համագործակցության բարտերային տարբեկա Վրաստանի և Իրանի միջև՝ Իրանը կստանա ջրային ռեսուրսներ, իսկ Վրաստանը դրա դիմաց գազ կամ էլեկտրաէներգիա: