13/02/2016 10:27
Պատմական իրադարձություն. Կուբայում հանդիպել են Ռուսիո Պատրիարքն ու Հռոմի Պապը
Նախօրեին Կուբայում տեղի է ունեցել դարի հանդիպում Ռուսիո պատրիարք Կիրիլի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջև: Հոգևոր այրերը հանդիպել են Հավանայի միջազգային օդանավակայանում:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հանդիպումը իրապես պատմական է, քանզի ռուս ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցիների շփման ողջ ընթացքում նման նախադեպեր չեն եղել:
Պատրիարք Կիրիլն ու Հռոմի Պապը հանդիպման արդյունքներով ստորագրել են հուշագիր՝ հորդորելով միջազգային հանրությանը համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում:
Պատրիարք Կիրիլը նշել է, որ երկու եկեղեցիները կարող են համատեղ աշխատել, որպեսզի չլինեն պատերազմներ ու ամենուրեք հարգվի մարդկային կյանքը: Իր հերթին Հռոմի Պապը հայտարարել է, որ իրենք զրուցել են իբրև եղբայրներ, քանզի իրենց մի հավատք է միավորում և փնտրում են մեկ ուղի: