13/02/2016 10:50
Հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կխորանան
Նախօրեին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կխորանան։
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ Միխեիլ Ջանելիձեն նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը և այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ, կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։
Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրել է այցելել Երևան։