20/02/2016 10:51
Գ. Հարությունյան. Պատերազմ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն գնում է
Ներկա զարգացումները հիբրիդային պատերազմների ենթատեքստ ունեն: Եվ այս համատեքստում պատերազմ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն գնում է, դրա բոլոր բաղադրիչները կան՝ տնտեսական, տեղեկատվական և այլն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավանական է համարում վերջին զարգացումների ֆոնին ռուս-թուրքական պատերազմ:
Նրա խոսքով, ռուս-թուրքական հարաբերություններն աշխարհաքաղաքական տեսանկյունից դիտարկվում են որպես աշխարհաքաղաքական անհամատեղելիություն: Գ.Հարությունյանը հիշեցրեց, որ միայն երկու շրջանում է, որ եղել են սերտ ռուս-թուրքական հարաբերություններ. Բոլշևիկյան հեղափոխությունից հետո և 90-ական թվականներին, ազատական հեղափոխությունից հետո, երբ այդ հարաբերությունները սերտաճեցին ամեն առումներով.
«Ռուսաստանն այսօր փոխել է աշխարհակարգը. եթե 1990-ական թվականներին միաբևեռ աշխարհակարգ էր, հիմա աշխարհակարգը դարձել է բազմաբևեռ և Ռուսաստանը վերադարձել է աշխարհաքաղաքականություն, ինչպես դա տեսնում ենք Սիրիայում ընթացող գործողություններից: Ըստ ամենայնի, դրանով Ռուսաստանը դեմ է գնում բավականին խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների կամքին ու նրանց ցանկություններին, որոնց հլու-հնազանդ կամակատարն էր ինչ-որ մի ժամանակ Թուրքիան: Ես գտնում եմ, որ պատահական չէր ՌԴ ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից, դա հաշվարկված ծրագիր էր, բայց և այնպես՝ Թուրքիան մի փոքր ավելին է գնացել, քան կարող էր գնալ: Եվ դա բազմաբևեռ աշխարհում համարում եմ իշխանությունների շքերթ, ինչպես եղել է 90-ական թվականներին, երբ բոլորը ուզում էին լինել ինքնուրույն: Հիմա այս բազմաբևեռ աշխարհում Թուրքիան է փորձում ինքնուրույնություն ունենալ»,- նշեց նա:
Կրկնելով, որ հիբրիդային պատերազմ այս երկու պետությունների միջև արդեն գնում է, Գ.Հարությունյանը նշեց, որ տեղեկատվական գործոնը դրանում բավականին բարձր է ու երբեմն-երբեմն փորձ է արվում օգտագործել նաև Հայաստանին: Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանը պետք է բավականին խոհեմ գտնվի, խոհեմ դիրքորոշում ունենա և ամեն խայծ չէ, որ պետք է կուլ տա.
«Օրինակ, այս վերջին նախաձեռնությունը Մոսկովյան համաձայնագրի հետ կապված: Ես նման զարգացում իրատեսական չեմ համարում, քանի որ այսօրվա պատերազմները տարածքների զավթման պատերազմներ չեն, դրանց բնույթն է փոխվել: Իսկ Ռուսաստանը աջակցում է քրդերին, և սա արդեն պատերազմ է Թուրքիայի դեմ.. այնպես որ պատերազմը գնում է և մենք պետք է լինենք ռուսների հետ այդ պատերազմում, որովհետև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պայմանավորված են երկուստեք աշխահաքաղաքական և քաղաքակրթական շահերով և մենք պետք է ուրեխ լինենք, որ խոշոր պետությունն ունի այդ շահերի համատեղելիություն»,- շեշտեց նա: