09/03/2016 14:41
«Մատչելի գնով, թռիչքը Երևանից» ձևակերպումն իրականություն կլինի. «Արմենիան» է խոստանում
Մոսկվան, Պրահան, Բարսելոնան, Լառնական, Լոնդոնն ու մի շարք այլ քաղաքներ շուտով հայերի համար կդառնան ավելի հասանելի՝ մատչելիության տեսանկյունից. Հայաստանյան շուկայում նոր անուն հանդիսացող «Արմենիա» ավիաընկերությունը խոստանում է, որ «մատչելի գնով, թռիչքը Երևանից» ձևակերպումը այսուհետ իրականություն կլինի:
Լրագրողների հետ հանդիպմանը «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին և Ռոբերտ Հովհաննիսյանը տեղեկացրեցին, որ թռիչքներ կիրականացվեն նաև դեպի Թեհրան, Կիև, Մինսկ, ՌԴ այլ քաղաքներ և այդ ամենը կարվի այնպես, որպեսզի «հայ ազգը գոհ մնա»:
«Գները կլինեն այնպիսին, որ հայերն առանց խնդիրների կկարողանան տոմսեր գնել և թռչել այնտեղ, ուր ցանկանում են: 49 դոլարը կլինի նվազագույն գինը: Այնպիսի ծառայություն կմատուցենք, որ մրցունակ լինենք մյուս ավիաընկերությունների հետ»,- հավաստիացրեց Ռոբերտ Հովհաննիսյանը:
«Արմենիայի» բաժնետերերը համոզված են, որ կհաջողեն մեր շուկայում և նախորդների նման չեն սնանկանա: Թամազ Գաիաշվիլին, մասնավորապես, վստահություն հայտնեց, որ իրենք կհաջողեն և 2-4 տարի հետո ընկերությունը կունենա կայուն եկամուտ:
Ի դեպ, ինչ վերաբերում է հարցին, թե ում է պատկանում ավիաընկերությունը, քանի որ մամուլը այն կապում էր ՀՀ վարչապետի անվան հետ, Թամազ Գաիաշվիլին հավաստիացրեց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում Հովիկ Աբրահամյանն ու առհասարակ՝ ՀՀ ղեկավարությունը ներկայացված չեն դրանում:
«Բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է բաժնետեր Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ 24 տոկոսը՝ Թամազ Գաիաշվիլիին»,- շեշտեց նա:
Նշենք, որ ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ Երևան- Թել-Ավիվ ուղղությամբ: Ապրիլին, ի դեպ, ավիաընկերությունը կունենա 3 ինքնաթիռ, իսկ հուլիսին դրանց թիվը կավելանա: