29/03/2016 16:35
Հայ երիտասարդները թողարկել են նոր ՏՏ գործիք՝ մամուլի պատասխանատուների համար
Aysor.am-ը զրուցել է Actual Company-ի գործադիր տնօրեն Հրանտ Զիրոյանի հետ:
- Ինչո՞ւ փորձեցիք Ձեր ուժերը հենց ՏՏ ոլորտում:
- Մեր երկրում ՏՏ գիտելիքների մեծ պոտենցիալ կա: Մեր կազմակերպության բոլոր աշխատակիցները երիտասարդ են, և բոլոր թարմ գաղափարներն այս կամ այն կերպով առնչվում են ՏՏ-ի հետ: ՏՏ բիզնեսը զարգացման միտումներ ունի ողջ աշխարհում: Մենք հավատում ենք, որ Հայաստանը մի օր կարող է դառնալ թվային պրոդուկտներ արտահանող համաշխարհային խաղացող և մեր համեստ հնարավորությունների շրջանակներում փորձում ենք քայլեր անել ոլորտում:
- Մի քանի ամսվա պատմություն ունեցող Actual Company-ն օրեր առաջ թողարկեց մոնիթորինգային ՏՏ գործիք՝ մամուլի պատասխանատուների և պաշտոնյաների համար: Ինչո՞ւ սկսեցիք հենց այս պրոդուկտից և ինչպիսի՞ արձագանքներ կան:
- Մեր նոր գործիքը մի խումբ թվային պրոդուկտներից մեկն է, որոնք մենք նախատեսել ենք թողարկել այս տարվա ընթացքում: Մուտք գործեցինք սրանով, քանզի կարծում ենք, որ այս պահին ամենից պահանջվածն է: Հանրության կողմից արձագանքը շատ ավելի մեծ է մեր կանխատեսումների համեմատ: Գործադիր, օրենսդիր ու դատական մարմիններից բազմաթիվ աշխատակիցներ են հետաքրքրված: Նրանցից շատերն արդեն մեր բաժանորդներն են: Այս պահին ակտիվ կերպով շարունակվում է համալրվել մեր ծրագրի բաժաներդների ցանկը:
- Ի՞նչ կտա հանրությանը Actual Monitoring-ը:
- Մեր գործիքը զգալիորեն կրճատում է բաժանորդների ժամանակային ծախսը: Մամուլի խոսնակը, պաշտոնյան, բիզնեսմենը կամ որևէ այլ անհատ, ով ակտիվ հետևում է մամուլին, կարող է բացել մեզ մոտ անհատական հաշիվ, նշել բանալի բառեր և կարճ ժամանակում ստանալ անհրաժեշտ հոդվածները մոտ 100 հայկական լրատվական կայքերից: Երբ մարդը տնտեսում է տեխնիկական գործի վրա հատկացվող ժամանակը, նա հնարավորություն է ունենում ավելի շատ ժամանակ տրամադրել մտավոր աշխատանքին: Գնագոյացման քաղաքականությունն իրականացվել է` հաշվի առնելով բաժանորդների շահերը: Նման պրոդուկտի համար խիստ էժան գին է ընտրվել: Մենք ցանկանում ենք, որպեսզի տարբեր գերատեսչությունների աշխատակիցները պրոբլեմներ չունենան բյուջեների հարցում, սեփական միջոցներով վճարեն անհրաժեշտ գումարները և տնտեսեն իրենց ժամանակն ու ավելորդ լարվածություն չունենան:
- Դուք նշեցիք, որ սակագները բավական մատչելի են, հնարավո՞ր է գործունեության ինչ-որ փուլում ծառայության արժեքը բարձրանա:
- Այս հարցը մեզ հաճախ են տալիս: Եթե կարճ պատասխանեմ, ապա կասեմ` ոչ, երբեք չի լինի նման բան: Փորձելով մանրամասնել միտքս` կավելացնեմ, որ մենք ամեն գնով գումար աշխատելու նպատակ չունենք: Մեզ համար խիստ կարևոր է ստեղծել հանրային օգտակարություն: Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մենք կարծում ենք` բիզնես հաջողություններ երկարաժամկետում կարելի է գրանցել միայն բավարարված սպառողների բանակ ստեղծելով: Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ ֆիրմաներն ուզած-չուզած պետք է հասկանան, որ ամեն ինչից վեր սպառողական պահանջմունքներն են: