14/04/2016 19:09
Անդամահատված զինծառայողները կպրոթեզավորվեն պետության հաշվին. Ռազմական բժիշկ
Քառօրյա պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողները, որոնք անդամահատվել են, լիարժեք բուժում ստանալուց հետո կպրոթեզավորվեն պետության հաշվին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է հոսպիտալի ռազմական բժիշկ Արմեն Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ պրոթեզավորման խնդիր ունեցող զինծառայողների հարցով աշխատանքներ տարվում են, սակայն այս պահին նրանք գտնվում են դեռևս բուժման փուլում: «Դա նեղ մասնագիտական հարց է և շատ անհատական խնդիր: Թե ում ինչ տեսակի պրոթեզ է պետք կամ բուժում, կորոշվի, իսկ պետությունն իր վրա կվերցնի այդ բոլոր ծախսերը»,- ասել է նա:
Շարունակելով խոսքը՝ Ա. Հովսեփյանն հավաստիացրել է, որ բուժում ստացող զինծառայողների մեծ մասը կարող է վերադառնալ և շարունակել ծառայությունը, իսկ թե նրանցից քանիսը կարող են, նա կոնկրետ թվեր չի նշել:
«Կոնկրետ թիվ դեռ չենք կարող ասել, դեռ պետք է հաշվառել: Կհասկանանք միայն վերջնական բուժումից հետո, բայց վիրակապով զինվորի ծառայության չի վերադառնալու: Չնայած որ իրենք մղում ունեն, ձգտում ունեն, բայց դա չի նշանակում, որ պետք է գնան»,- նշել է նա: