27/04/2016 15:27
Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը հակասում է Արցախի ու ողջ հայության շահերին. Հայտարարություն
ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմինը տարածել է հայտարարություն՝ մեկնաբանելով նախօրեին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը:
«Ապրիլի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական և զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում:
Պարտվողական և զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին և թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության և պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ:
Կուսակցությունը համարում է, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար հակասում է Արցախի և համայն հայության շահերին»,- ասված է հայտարարության մեջ: