27/04/2016 20:21
Ունենք ծայրահեղ վիճակում գտնվող վիրավորներ. Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացրած նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին, տեղեկացրեց, որ այս պահին նրանք գտնվում են տարբեր բժշկական հաստատություններում, ապա հավելեց, որ ամեն օր տեղեկություններ են ստանում ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվողների մասին:
«Թերևս ունենք ծայրահեղ վիճակում գտնվող վիրավորներ, բայց մնացածի վիճակը կայունանում է և հուսով եմ, որ ավելի կլավանա»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ վիրավորների մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցներից և հավելեց, որ վիրավորվածներից մեկին այսօր Երևան են տեղափոխել կրծքավանդակի շրջանի վիրավորումով:
Արմեն Մուրադյանն ընդգծեց նաև, որ հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. «Մենք ամենօրյա պայքարի խնդիր ունենք, կայունացման խնդիր ունենք: Մնացած ծանրների հետ կապված էլ մենք տեղեկատվություն ունենք, բայց հույս ներշնչող իրավիճակ է, և կարծում եմ, որ հետագայում խնդիրները կլինեն նվազագույն»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ այսօր կան վիրավորներ, որոնք հետագա բուժման կարիք կունենան` մասնավորապես պրոթեզավորման և այլ հարցերի: