27/04/2016 17:07
Գալուստ Սահակյան. Եթե անուններ հարցնեմ, կլռվեք
«Չեմ կարծում, որ կուսակցությունների ավելացմամբ ինչ որ մի բան փոխվում է: Կարծում եմ, որ կուսակցությունները ինչքան շատ լինեն և համարձակ խոսեն, այնքան ավելի մեր դրությունը կլավանա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությանն ու վերջինիս կողմից արված մի քանի հայտարարություններին, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Անդրադառալով Օսկանյանի հայտարարությանը, թե բիզնես շրջանակները հիմնականում իշխանության կողքին են լինում, ինչն անթույլատրելի է, ԱԺ նախագահը նախ չհամաձայնեց, ապա հավելեց. «Չեմ կարծում, որ բիզնես շրջանակները իշխող կուսակցության կողքին են: Եթե հիմա հարցնեմ՝ ով, մի քանի անուններ կտաք ու կլռվեք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բիզնես շրջանակները շատ ու շատ մեծ են:
Գալուստ Սահակյանն ասաց, որեթե, օրինակ, ինքը կուսակցություն ստեղծեր, որևէ մեկին չէր դիմի ֆինանսական աջակցության նպատակով: «Նախ պետք է հնարավորություն ունենաս, նոր կուսակցություն բացես, իսկ հետո, եթե հանկարծ ինչ-որ պատճառով կուսակցություն էլ ստեղծեմ, հազվագյուտ բան եմ ասում՝ երբեք ու երբեք չեմ դիմի, որպեսզի ինձ փող տան: Եթե պետք է ուրիշի ունեցվածքով մի բան ստեղծես, կարծում եմ, որ դա այնքան էլ լավ պրոցես չէ»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանն օրինակ բերեց ՀՀԿ-ին և ասաց, որ ՀՀԿ-ն այսօր գոյատևում է հիմնականում անդամավճարների արդյունքում, և մոտավորապես 150 հազարկուսակցական ունեն, որոնք ոչ բոլորն են ժամանակին տալիս անդամավճարները: Ու թեև նա դժվարացավ ասել, թե կոնկրետ ով, որքան գումար է տալիս, բայց հավելեց. «Կոնկրետ չափ չենք ֆիքսել՝ մեկ դրամից մինչև ով որքան կարողանա: Ես որտեղ գրանցված եմ և կուսակցությունում քսան հազար դրամ եմ տալիս»,-ասաց նա: