27/04/2016 15:40
Ընտրությունները կեղծելու մասին խոսում է մի մարդ, ով երկար տարիներ պաշտոն է զբաղեցրել. Շարմազանով
ԱԺ-ում այսօր ԸՕ նախագծի քննարկմանն արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը, ով նաև արձագանքեց ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությանը:
«Նայելով ձեր աչքերին՝ ասում եմ՝ այս նախագիծն համամասնական համակարգ է: Աշխարհում ԸՕ տարբեր տարբերակներ կա: Այն, ինչ մենք առաջարկում ենք, աշխարհի շուրջ քսան երկրում այն կիրառվում է՝ Մերձբալթյան, Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Ինչ վերաբերում է բաց համամասնական ցուցակներում կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկմանը. քանի՞ կոպեկ արժե այն ուժը, որը ընտրատարածքում չունի համապատասխան թվով ներկայացուցիչներ՝ ցուցակում ներառելու համար»,- ասաց նա՝ շեշտելով, որ իշխանություններն առաջարկել և առաջարկելու են փոխզիջումային տարբերակներ, սակայն ընդդմիադիրները ևս պետք է գիտակցեն այդ փոխզիջումների կարևորությունը: «Եթե մենք ձեզ լսում ենք, դուք էլ մեզ պետք է լսեք»,- հավելեց նա՝ շեշտելով, որ սա ԸՕ առաջին ընթերցումն է, իսկ առաջարկները կվերանայվեն նաև մյուս ընթերցումների ժամանակ:
Շարունակելով խոսքը՝ փոխխոսնակը հավելեց. «Քանի՞ կուսակցություն գիտեք, որ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին: Հիմա չթվարկեմ՝ «Ալյանս», ՔՊ. մարդիկ գործ են անում, բա՞ մյուսները, բա ինչո՞ւ չեք մասնակցում ՏԻՄ ընտրություններին: Քաղաքական բոլոր ուժերը ձգտում են իշանափոխության, բա էլ ինչ իշխանափոխություն, առանց թիմային աշխատանքի: Քաղաքականությունը դա լուրջ թիմային աշխատանք է պահանջում»,- հեգնեց նա՝ սա էլ ի պատասխան պատգամավոր Ստեփան Մարգարյանի:
Ինչ վերաբերում է ընտրությունները կեղծելուն, ապա նա նկատեց, որ ընտրությունները կեղծելուց այսօր խոսում է մի մարդ, ով երկար տարիներ զբաղեցրել է բարձր պաշտոն: «Քսան տարի կեղծվել են ընտրությունները, ու սա ասում է բարձր պաշտոն զբաղեցրած անձ: Նախկինում երբեք նման հայտարարություններ չէր ասվել. միգուցե թաքուն ղեկավարության ականջին ասվել է, սակայն հրապարակային՝ ոչ: Եթե պնդում եք, որ քսան տարի շարունակ ընտրությունները կեղծվել են, ապա գոնե 1998թ., 2003թ., երբ դուք՝ որպես ԱԳ նախարար էիք, նշանակում է՝ ոչ լեգալ ու ոչ էլ լեգիտիմ եք եղել: Այստեղ են ասել՝ մոյ յազիկ մոյ վռագ»,- եզրափակեց նա: