27/04/2016 14:25
Հաջողություններ ունենալու համար մեզ անհրաժեշտ է թիկունք. Լյուդմիլա Սարգսյան
ԱԺ-ում այսօր ԸՕ նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ով իր խոսքում հայտարարեց, որ թեև այսօր կարևորագույն խնդիրը ԼՂ հակամարտության կարգավորումն է, սակայն ակնհայտ է, որ ռազմի դաշտում և դիվանագիտական հաջողություններ գրանցելու համար պետք է ունենալ թիկունք: «Այս հարցում չպետք է թերագնահատել ընտրությունների դերը»,- հայտարարեց նա:
Ըստ նրա՝ մեր հաջողությունների արգելակման հիմնական պատճառը անկատար ընտրական համակարգն է՝ շարունակ կեղծվող ընտրություններն ու հասարակության կողմից անվստահությունը.
«Շարունակաբար կեղծվող ընտրությունների արդյունքում հասարակությունը պառակտվում է, ու հերթական անգամ ականատեսն ենք լինում լարված իրավիճակի, հաճախ անդառնալի կորուստներով: Եվ այդ ամենից միայն նվազում է հասարակության վստահությունն ընտրական ինստիտուտների նկատմամբ: Հատկապես հիմա, երբ ղարաբաղյան ճակատում լարված է, առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ապահովել ազգային միասնություն և համախմբում»,- հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով, որ այդ համախմբումը պետք է ստանա ինստիտուցիոնալ բնույթ, որը պետք է արտահայտվի իշխանությունների՝ հանրության վստահման ավելացմամբ:
Կարևորելով ԸՕ նոր նախագիծը՝ նա նաև դժգոհեց, որ իշխանությունը միայն մի քանի առանցքային հարցերում է ընդառաջ գնացել ընդդիմությանը, իսկ առաջարկված լուծումներն էլ կարելի է համարել թերի: Անդրադառնալով դրանց՝ Լ. Սարգսյանը շեշտեց, որ ընտրացուցակների մաքրումը մնացել է քաղաքական ուժերի վրա, որը արդար մոտեցում չէ: «Տպավորություն է, որ իշխանությունը խուսափում է պատասխանատվություն ստանձնելուց: Պետք է հասարակական, քաղաքական կամք դրսևորել ու անցկացնել արդար ընտրություններ, չվերցնել ընտրակաշառք»: