27/04/2016 19:51
Պատգամավոր պահանջում է դադարեցնել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան
Հաշվի առնելով ադրբեջանական ագրեսիան, որը վերջին շրջանում վերածվեց նաև լայնածավալ պատերազմական գործողությունների, ինչպես նաև՝ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, Հայաստանն ի՞նչ քայլեր է նախատեսել ձեռնարկել թուրքական ապրանքները ներմուծումն արգելելու ուղղությամբ: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հետաքրքրվեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանն, ով իր խոսքում նկատեց, որ այդ ապրանքները ինչպես ներմուծվում են միրգ-բանջարեղենի, այնպես էլ հագուստի ու այլ ապրանքների տեսքով: «Ցիտրուս, հագուստ, քիմիական արդյունաբերության այլ ապրանքներ և այսպես շարունակ շուրջ 700 ապրանք»,- հայտարարեց պատգամավորը, ով պահանջեց դադարեցնել այդ ապրանքների ներմուծումը Հայաստան: «Որքանո՞վ է նպատակահարմար Ադրբեջանին հովանավորողին ու սատարողին ֆինանսավորելը: Առաջարկում եմ արգելել Թուրքիայից Հայաստան ներմուծվող բոլոր ապրանքատեսակների ներմուծումը, հանել Հայաստան-Ստամբուլ չվերթը և արգելել հայ զբողսաշրջիկները հանգիստը Թուրքիայում»,- հավելեց նա:
Հարցին պատասխանելով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծավիկ Մինասյանը հայտարարեց, որ բարձրացվող հարցը շատ արդիական է և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ հանձնարարական է տվել և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Մեր նախարարությունն իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ: Առաջին հերթին դա արվում է նաև Հայաստանի տնտեսությունը խթանելու նպատակով, իսկ հետո նաև անվտանգության նկատառումներից ելնելով: Այստեղ կա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական խնդիր, որը վերաբերում է ոչ միայն որակին, այլև մրցակցությանը: Բնականաբար, մենք պատրաստվում ենք ներկայացնել մի ամբողջական փաթեթ»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ նախնական ուսումնսիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, որին անդամակցում է նաև Թուրքիան, սակայն Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիան կատարել է վերապահում՝ Մարաքեշի համաձայնագրի շրջանակներում, որով, ըստ էության, չի ճանաչում և չի հարաբերվելու Հայաստանի հետ առևտրի ոլորտում:
«Մենք իրավունք ունենք կիրառել բոլոր այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական ցանկը: Բացի դա՝ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանն ունի գործիքակազմ, որը թույլ է տալիս առանձին դեպքերում, առանձին ապրանքատեսակների մասով, որոնք անհրաժեշտ են երկրի տնտեսական զարգացման համար, ձեռնարկել առանձին գործողություններ»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ Հայաստանի կողմից ձեռնարկվող գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որպեսզի պայթյունավտնագ իրավիճակ չստեղծվի: Նա ընդգծեց, որ Հայաստանի տնտեսական անվտանգությունն ու զարգացումը, ինչպես նաև՝ սոցիալական բաղադրիչները պետք է կարողանալ համատեղել, հակառակ դեպքում՝ կտապալվեն մյուս արդյունավետ մեխանզիմները:
Դոխոլյանն էլ արձագանքեց, որ այստեղ հիմքում դրված է ՀՀ քաղաքացիների անվտանգության հարցը, բայց խնդիրը նաև պետք է դիտարկել ՀՀ արդյունաբերությանը զարկ տալու ենթատեքսում:
«Սկզբունքային նշանակություն ունի հենց այդ հանգամանքը: Մենք պետք է նկատի ունենանք նաև սոցիալական հատվածը, որպեսզի մեր կողմից ձեռնարկվող գործողությունները լինեն ի շահ Հայաստանի տնտեսական զարգացման»,- արձագանքեց նախարար Մինասյանը: